Ինչպե՞ս խուսափել հերպեսով վարակվելուց

01:51   28 նոյեմբերի, 2015

Հերպեսի հարուցիչը ծայրաստիճան վարակիչ է, այն փոխանցվում է հպումների, սեռական ակտի, միեւնույն առարկաների օգտագործման ու նույնիսկ օդի միջոցով:  Ասում են, որ այդ հարուցիչով վարակված է մոլորակի բնակչության երկու երրորդը: Իսկ ինչու է կանխարգելումն այդքան կարեւոր, եթե մարդկանց մեծամասնության օրգանիզմում արդեն կա այդ հարուցիչը:  

Նախ` նույնիսկ եթե մարդն արդեն վարակված է հերպեսով, հարուցիչը քնած եւ ճնշված վիճակում է մնում եւ իր մասին տեղեկացնում է միայն, եթե նոր եւ ակտիվ հարուցիչներ են թափանցում օրգանիզմ: 

Երկրորդ` շատ մասնագետներ պնդում են, որ ծայրաստիճան կարեւոր է փոքր երեխաների մոտ հերպեսի կանխարգելումը, որովհետեւ եթե նրանք վարակվեն, հիվանդության ընթացքը կարող է շատ ծանր եւ վտանգավոր լինել: 

Իսկ ի՞նչ կարելի է անել հերպեսով վարակվելուց խուսափելու համար: 

1. Բուժվեք

Քանի դեռ ձեր շրթունքներին հերպեսի վերքեր կան, դուք կարող եք ուրիշներին էլ վարակել: Ցանկալի է, որ մինչեւ այդ վերքերի լրիվ անհետանալը հակավիրուսային դեղամիջոցներ օգտագործեք եւ առավելագույնս զգույշ լինեք ուրիշներին չվարակելու համար: 

2. Մի համբուրվեք

Եթե ձեզ մոտ հերպեսը կրկնվում է, մի համբուրեք այլ մարդկանց, որպեսզի նրանց էլ չվարակեք: Իսկ եթե հերպես չունեք, մի համբուրեք նրանց, ովքեր ունեն դա: 

3. Մերկ ձեռքերով մի մշակեք վերքերը  

Եթե հերպես ունեք, չարժե վերքերը մշակել մերկ ձեռքերով. Ձեռնոց կամ բամակի կտորներ կամ բանակե գլխիկով ձողիկներ օգտագործեք:  Իսկ եթե հերպես չունեք եւ չեք ուզում վարակվել, ձեռք մի տվեք ուրիշների շրթունքների վերքերին:  

4. Լվացեք ձեռքերը

Ձեռքերը կանոնավոր կերպով լվալը կարող է օգնել կանխելու մի շարք հիվանդություններ, այդ թվում նաեւ հերպեսը: 

5. Առանձին սպասք օգտագործեք 

Ցանկալի է, որ հերպես ունեցող մարդն առանձին սպասք օգտագործի եւ առանձին սրբիչներ: Եթե չեք ուզում վարակվել, մի խմեք շրթունքներին հերպեսի նշաններ ունեցող մարդու գավաթից, մի օգտագործեք նրա ափսեներն ու պատառաքաղները, քանի դեռ նա լրիվ չի բուժվել։



© NEWS.am Medicine