Երեւանում 613 մարդ «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» ակցիայի շրջանակում ՄԻԱՎ թեստ է անցել

11:34   30 նոյեմբերի, 2015

«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հանրային միջոցառման շրջանակում Երեւանի փողոցներում 613 անցորդ ՄԻԱՎ-ի թեստ է անցել: Միայն շաբաթ օրը, նոյեմբերի 28–ին, Հյուսիսային պողոտայում ստուգվել է 95 մարդ։  Բոլոր ստուգվածների մեջ ՄԻԱՎ-ի երկու դեպք է հայտնաբերվել: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության նախագահ Էլինա Ազարյանը:

Նրա խոսքով, այս տարի հայ երիտասարդությունն անհամեմատ ավելի հաճույքով  է մասնակցում միջոցառմանը եւ ՄԻԱՎ-ի թեստ անցնում, քան անցյալ տարիներին: Երեւում է, դա կապված է այն բանի հետ, որ այսօր երիտասարդությունն ավելի լավ է տեղեկացված եւ ավելի շատ բան գիտի ռիսկի գործոնների եւ այդ վարակի փոխանցման ուղիների մասին: Իհարկե, շատ երիտասարդներ ստուգվում են, այսպես ասած, ընկերներին «ընկերակցելու» համար, իսկ բոլոր հնարավոր ռիսկերը գնահատելով գիտակցաբար ստուգվելու են գալիս սովորաբար ավելի տարիքով մարդիկ:

Այս տարի եւս մի հետաքրքիր միտում կար, որի վրա ուշադրություն էին դարձրել միջոցառման կազմակերպիչները: Ինչպես նշել է Էլինա Ազարյանը, այն երիտասարդները, որոնք հետազոտվել էին առաջին օրերին, հաջորդ օրերին վերադառնում էին ընկերների հետ` նրանց եւս առաջարկելով հետազոտություն անցնել: Նրանցից ոմանք նույնիսկ կամավոր հիմունքներով օգնում էին միջոցառման կազմակերպիչներին, անծանոթ անցորդների էին հրավիրում, պատմում էին, թե նրանք ինչու պիտի ստուգվեն:

«ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» հասարակական միջոցառումն անցկացվել է ՄԻԱՎ թեստավորման Եվրոպական շաբաթի շրջանակում նոյեմբերի 24-ից 28-ը:

 

 



© NEWS.am Medicine