Տղամարդկանց գրումինգ. Ամեն հինգերորդ տղամարդն ամեն ինչ սափրում է

23:38   30 նոյեմբերի, 2015

Ամեն հինգերորդ տղամարդն անընդհատ խնամում է աճուկի հատվածը, սափրում է մազերը եւ տարբեր կոսմետիկ միջոցներ է օգտագործում:  Սոցիոլոգները պարզել են, որ ուժեղ սեռը դա անում է հիգիենիկ պատճառներով կամ ավելի որակյալ սեքսի համար: 

Դեռեւս վերջերս տղամարդիկ խնամքով հոգ էին տանում դեմքի մաշկին, հետո անցան կրծքավանդակին, իսկ այժմ նոր միտումը աճուկի հատվածը խնամելն է:  Ավելի վաղ այդ հատվածը սոսկ կանանց դեպքում էր խնամքի արժանանում, որոնք տարբեր տեսակի ինտիմ կտրվածքներ էին անում կամ էլ ամբողջությամբ սափրում էին ցայլքի մազերը:  

Իսկ այժմ սոցիոլոգները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների  20 տոկոսն ակտիվ հոգ է տանում մարմնի տվյալ հատվածին:  Ընդունված է ցայլքի մազերն ամբողջությամբ հեռացնելը, ինչին գնալով ավելի շատ մարդիկ են դիմում:   Նրանց շրջանում տարածվում է նաեւ այն կարծիքը, թե սեքսով զբաղվելու ընթացքում ավելի սուր եւ հաճելի զգացողություններ են ստանում, եթե տղամարդկանց աճուկի հատվածում մազեր չկան: 

Շատերը դա անում են հիգիենիկ պատճառներով կամ էլ նրա համար, որ այդպես դուր է գալիս իրենց զուգընկերներին: Լանքասթերի համալսարանից հոգեբան Մեթյու Հոլլի կարծիքով, ներկայումս տղամարդկության նոր իդեալներին համապատասխանելու անհրաժեշտությունը տղամարդկանց վրա ճնշման առավելագույնին է հասել:  

Այսպես կոչված տղամարդկային գրումինգի միտումը 1980-երից էվոլյուցիա է ապրում այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսին է տղամարդկային ամսագրերի ժողովրդականության աճը, սեռերի հավասարությունն ու ֆեմինիզմը, գեյ շարժումը եւ մի քանի այլ գործոններ:  Այժմ տղամարդու համար ոչ միայն թույլատրելի, այլեւ ցանկալի է առավելագույն հետաքրքրություն դրսեւորել սեփական գրավչության հանդեպ, սակայն դա կարող է արտացոլվել նաեւ առնականության ֆետիշացմամբ (օրինակ` մորուքների ժողովրդական լինելը): Հերիք է նայել սուպերմարկետների դարակներին` տեսնելու, թե ուժեղ սեռի համար կոսմետոլոգիական արտադրանքի ինչ հսկայական քանակ է նախատեսված:



© NEWS.am Medicine