Գիտնականները բեղմնավորման հեղափոխական միջոց են հայտնաբերել

12:58   1 դեկտեմբերի, 2015

Բեղմնավորման նոր մեթոդը, որը հայտնաբերել են գիտնականները, իսկական հեղափոխություն կանի արտամարմնային բեղմնավորման ոլորտում ու կարող է վերջ տալ «սրվակային երեխաների» դարաշրջանին: Նոր սարքի օգնությամբ բեղմնավորումը կատարվելու է ոչ թե լաբորատորիայում, այլ կնոջ մարմնի ներսում:

Արդիականացված բուժակարգը նախատեսում է, որ մարմնի մեջ պետք է մտցվի սովորական լուցկուց ոչ մեծ մի սարք: Այդ սարքի ներսում սերմնաբջիջի ու ձվաբջիջի խառնուրդն է: 24 ժամ հետո սարքը հեռացվում է, որպեսզի բժիշկները կարողանան գնահատել, թե ստացված սաղմերից որն է բավականաչափ առողջ իմպլանտացիայի ու հաջող հղիության համար:

Բուժակարգն անցավ է համարվում ու անցկացվում է առանց ցավազրկման: Ընդ որում պարտադիր չէ, որ զույգն անընդհատ պոլիկլինիկայում լինի: Նրանք կարող են տուն վերադառնալ, ու մինչ իրենց ամենօրյա գործերով կզբաղվեն, կնոջ օրգանիզմում կկատարվի բեղմնավորում:

«Տվյալ տեխնիկայի առավելությունն այն է, որ սաղմը գտնվում է այն նույն քիմիական ռեակցիաների ազդեցության տակ, ինչ սովորական հղիության ժամանակ: Ընդ որում մենք այն պահպանում ենք արհեստական լաբորատորիայի ազդեցությունից, ինչն անցանկալի է զարգացման զգայուն փուլում: Բոլորիս էլ հայտնի է, որ արտամարմնային բեղմնավորման բուժակարգով ծնված երեխաները մի քիչ տարբերվում են մյուսներից ՝ նրանք քաշը զգալիորեն ավելի փոքր է: Եվ չնայած դա չի անդրադառնում մանկական մահացության վրա, բայց հետագա առողջության վրա դա այնուամենայնիվ կանդրադառնա»,- պատմել է Սաութհեմփթոնի համալսարանի մանկաբարձության ու գինեկոլոգիայի պրոֆեսոր, բժիշկ Նիկոլայ Մաքլոնը:

Ընտանիքի պլանավորման ոլորտի առաջադեմ մասնագետները վստահ են, որ բեղմնավորման նկատմամբ նման մոտեցումը կանանց համար կարեւոր է նախեւառաջ հոգեբանական տեսակետից, քանի որ դա կենսաբանական մասնակցության ավելի մեծ աստիճան է ապահովում բեղմնավորման գործում:

Բրիտանացի գիտնականների մշակումը առաջիկա մի քանի շաբաթներին կառաջարկվի բեղմնավորման հարցում խնդիրներ ունեցող ընտանեկան զույգերին:



© NEWS.am Medicine