ՄԻԱՎ-ի ուշ ախտորոշումը Հայաստանում լուրջ խնդիր է մնում

22:07   1 դեկտեմբերի, 2015

ՄԻԱՎ-ն այսօր այլեւս մահացու հիվանդություն չի համարվում եւ ժամանակին ախտորոշվելու դեպքում հիվանդները հնարավորություն են ունենում բուժում ստանալ, ինչը թույլ չի տալիս, որ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ-ի վերածվի:  Սակայն խնդիրն այն է, որ ՄԻԱՎ-ը ոչ միշտ է ժամանակին ախտորոշվում:   Ավելին, ինչպես լրագրողներին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՄԻԱՎ-ով ապրող յուրաքանչյուր երրորդ մարդը տեղյակ չէ իր վարակված լինելու մասին:  

«ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց սոսկ կեսն է տեղյակ իր հիվանդության մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սակայն վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված հակառետրոհարուցիչային բուժումը ոչ միայն հնարավորություն են տալիս արդյունավետորեն վերահսկել հիվանդությունը, այլեւ դրականորեն են ազդում հիվանդի կյանքի տեւողության վրա», - նշել է առողջապահության նախարարի տեղակալը` հավելելով, որ արդյունավետ բուժումը եւս օգնում է կանխարգելել ՄԻԱՎ-ի փոխանցումը ուրիշներին: 

1988-ից մինչ օրս Հայաստանում ՄԻԱՎ վարակի 2214 դեպք է արձանագրվել   (վարակվածների ենթադրյալ թիվը 3800 է): Այդ հիվանդների մոտ կեսի մոտ  (1140) ՁԻԱՀ է ախտորոշվել` ՄԻԱՎ վարակի վերջին փուլը, իսկ նրանցից 495-ը մահացել է: Միայն այս տարի 52 հիվանդ ՁԻԱՀ-ի զոհ է դարձել: Ինչպես  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը, այս տխուր վիճակագրությունը կապված է հիվանդության ուշ հայտնաբերման հետ. Շատերն առաջին անգամ ՄԻԱՎ-ի թեստ են հանձնում   ոչ թե  «համենայն դեպս», իրենց վիճակը պարզելու համար, այլ երբ նրանց մոտ առողջական լուրջ խնդիրներ են սկսվում: 

Մասնագետի խոսքերով, շատերը նրանցից, ում մոտ բավականին ուշ է հայտնաբերվել ՄԻԱՎ-ի վարակը կամ էլ արդեն ՁԻԱՀ-ը, հրաշաի գիտեն, թե ինչ բան է ՄԻԱՎ-ը եւ ինչպես է փոխանցվում: Ուղղակի նրանք, շատ ուրիշների նման, վստահ էին, որ այդ հիվանդությունը կարող է վերաբերել ում ասես, բայց ոչ իրենց:  Հենց դրա համար էլ նրանց մտքով չէր անցել անալիզ հանձնել եւ պարզել իրենց ՄԻԱՎ կարգավիճակը: Եթե նրանք անեին դա եւ սկսեին ժամանակին բուժում ստանալ, նրանց կյանքի տեւողությունը գործնականում չէր տարբերվի ՄԻԱՎ չունեցող մարդկանց կյանքի տեւողությունից:  

Մյուս կողմից, վերջին 4 տարվա ընթացքում ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը Հայաստանում աճել է, նշել է Սամվել Գրիգորյանը, եւ դա ուրախացնում է մասնագետներին:   2014-ին, օրինակ, ՄԻԱՎ-ի 334 նոր դեպք է հայտնաբերվել, դա բոլոր այս տարիների ընթացքում,  1998-ից սկսած, ամենամեծ թիվն է: Նոր դեպքերի քանակի մեծացումը կապված է ոչ միայն նրա հետ, որ շատ աշխատանքային միգրանտներ Հայաստան են վերադառնում, այլեւ ախտորոշման հնարավորությունների բարելավման եւ շարժական կլինիկայի աշխատանքի, որը Հայաստանի շրջաններում անվճար անալիզներ է կատարում:



© NEWS.am Medicine