30-ամյա բրազիլուհի Տալին Մորեյրա դա Սիլվան ողջ է մնացել իր ժպիտի շնորհիվ. նկատելով, որ նրա ժպիտի մեջ տարօրինակ բան կա, ավստրալացի բժիշկները նրա մոտ ուղեղի վտանգավոր ուռուցք են կասկածել:
Այդ ժամանակ կինն իրոք երեք անգամ հիվանդանոց էր այցելել` բողոքելով գլխացավից եւ սրտխառնոցից, եւ ամեն անգամ նրան ասում էին, թե ընդամենը միգրենի նոպա ունի: Բայց երբ բժիշկը նկատել է հիվանդի աղավաղված ժպիտը, հասկացել է, որ նա դեմքի մասնակի կաթված ունի: Իրականացված սկանավորումից հետո պարզվել է, որ Տալինի մոտ չորրորդ փուլի բազմաձեւ գլիոբլաստոմա է. ուղեղի ամենաագրեսիվ ուռուցքը:
Կնոջը շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը պիտի փրկեր նրա կյանքը: Սակայն վիրահատությունից վերականգնվելուց հետո Տալինը եւս մի խնդրի բախվեց: Նրա բժշկական ապահովագրությունը չծածկեց հաջորդ վիրահատության, ճառագայթման կամ քիմիաթերապիայի ծախսը, որոնք անհրաժեշտ էին քաղցկեղի դեմ պայքարելու համար: Նա նույնիսկ Բրազիլիա վերադառնալու փող չուներ: Դրա համար էլ ստիպված եղավ միջոցներ հավաքել համացանցով եւ այլ աղբյուրներով:
Անծանոթ մարդիկ նրան գրեթե 100 000 դոլար նվիրաբերեցին, որը հերիքեց հետագա բուժումը ֆինանսավորելու համար: Տալինը վստահ է, որ իր ժպիտը երկու անգամ է փրկել իրեն: Առաջին անգամ նրան ժպիտով ախտորոշում արեցին, երկրորդ անգամ այն օգնեց հավաքել պակասող գումարը: Կինը ցանկանում է, որ իր պատմության օրինակով ուռուցքներով այլ հիվանդները եւս ժամանակին ախտորոշում եւ փրկարար բուժում ստանան: