Ի՞նչ անել, եթե դուք կամ ընտանիքում որեւէ մեկը Նոր տարվա տոների ընթացքում հիվանդացել է գրիպով կամ սուր շնչառական վարակով:
Ահա թե ինչ խորհուրդներ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լիանա Թորոսյանը:
1. Մեկուսացում
Ինչպես նշել է մասնագետը, ցանկալի է, որ հիվանդացած մարդն առանձին սենյակում մնա, որ ընտանիքի մյուս անդամներին չվարակի: Ցանկալի է նաեւ, որ նրան միայն մի մարդ հոգ տանի, ընդ որում դա չպիտի լինի հղի կին, ծեր մարդ, երեխա կամ խրոնիկական հիվանդություններով մեկը:
2. Հիգիենան
Եթե տանը հիվանդ մարդ կա, պետք է հնարավորինս հաճախակի սրբել մակերեւույթները, օդափոխել սենյակները եւ ձեռքերը լվանալ: Այդ ամենը կօգնի կանխարգելել հարուցիչների տարածումը եւ ընտանիքի մյուս անդամների վարակվելը:
3. Դիմակներ
Եթե հիվանդն ի վիճակի է բուժական դիմակ կրել, ցանկալի է, որ կրի դա: Ընդ որում այդ դիմակը պիտի փակի եւ քիթը, եւ բերանը: Դիմակն անհրաժեշտ է փոխել ամեն 4 ժամը մեկ, իսկ օգտագործվածն անհրաժեշտ է դեն նետել, ոչ թե թողնել ինչ-որ տեղ` սեղանին:
Եթե հիվանդը չի կարող դիմակ կրել, ցանկալի է, որ դա անի նրան հոգ տանող մարդը:
4. Ինքնաբուժում
Ինքնաբուժումը չարիք է, պնդում են մասնագետները: Չարժե դեղամիջոցներ ընդունել ծանոթների կամ նույնիսկ դեղագործների խորհրդով. դա կարող է վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր է հակաբիոտիկներ ընդունել առանց լուրջ անհրաժեշտության: Հակաբիոտիկների հենց նման ընդունումն է ամբողջ աշխարհում հանգեցնում հակաբիոտիկակայունության:
5. Դիմեք բժշկի
Եթե տանն ինչ-որ մեկը հիվանդ է, ամենից ճիշտ կլինի բժշկի դիմել: Չարժե հետաձգել բժշկին դիմելը, եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, որն արդեն 2-րդ օրը շարունակվում է. դա կարող է բարդությունների հանգեցնել: Հիշեցնենք, որ տոնական օրերին բոլոր հիվանդանոցներում հերթապահ բժիշկներ կան եւ շտապօգնությունը շուրջօրյա աշխատում է: