Համաճարակ. ինչ է դա եւ արդյոք այժմ Հայաստանում գրիպի համաճարակ կա

18:16   14 հունվարի, 2016

Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդների թվի աճի հետ կապված ավելի ու ավելի շատ մարդիկ են խոսում համաճարակի մասին: Առողջապահության համակարգի ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, թե Հայաստանում ոչ մի այս պահին համաճարակ չկա: 

Փորձենք պարզել, թե ինչ է «համաճարակը» եւ արդյոք այժմ Հայաստանում նման բան կա:  

Բառարաններին դիմելով` կարող ենք իմանալ, որ համաճարակը բնակչության շրջանում որեւէ հիվանդության դեպքերի նորման գերազանցող հաճախությունն է: Շատ երկրներում համաճարակային շեմ է համարվում տարածքի բնակիչների 5 տոկոսի հիվանդացումը (որոշ դեպքերում` որեւէ սոցիալական խմբի 5 տոկոսի): Սակայն շատ բժշկական հաստատություններ սովորական հիվանդությունների (որոնց թվում են նաեւ ՍՇՎ-ները եւ գրիպը) համար իրենց սեփական շեմերն են հաշվում, ելնելով վերջին տարիներին այդ հիվանդության միջին վիճակագրական ցուցանիշներից: 

Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների  եւ առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, Հայաստանում վարակիչ հիվանդությամբ հիվանդացման հաշվարկի համար օգտագործվում է ամենշաբաթյա հիվանդացման ցուցիչը 100 000 բնակչության կտրվածքով: Ընդ որում որպես կողմնորոշիչ են ընդունվում «հանգիստ» շաբաթները, ոչ թե նրանք, երբ հետաքրքրող հիվանդության սրացում է արձանագրվում: Այդպես մասնագետները կարող են որոշակի Х  ցուցանիշ ստանալ, որը կմատնանշի, թե ինչպիսին է այս կամ այն հիվանդությամբ միջին հիվանդացումը 100 000 բնակչության կտրվածքով:

Որպեսզի երկիրն անցնի համաճարակային շեմը, անհրաժեշտ է, որ տվյալ շաբաթում հիվանդացումը 5 անգամ գերազանցի հիվանդացման միջին ցուցանիշը, այսինքն լինի 5Х: Օրինակի համար, եթե հիվանդացման միջին թիվը 50 է, ապա որպեսզի համաճարակի մասին հայտարարվի, անհրաժեշտ է, որ այդ ցուցանիշն աճի մինչեւ 250:

Գրիպի այսօրվա ցուցանիշը, ինչպես նշել է Լիանա Թորոսյանը, 2 անգամիս պակաս է գերազանցում միջին վիճակագրական ցուցանիշը, այդ պատճառով առողջապահության ոլորտի մասնագետներն ասում են, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա, այսինքն առկա է ընդամենը հիվանդացման սեզոնային աճ, որին նպաստել է նաեւ ջերմաստիճանի կտրուկ նվազումը եւ նոր տարվա տոները, որոնց ընթացքում մարդիկ շատ են շփվել եւ հիվանդներն առողջների շրջանում տարածել են այդ վարակը:

Հետաքրքիր է, որ H1N1-ով հիվանդների զգալի քանակություն է գրանցվել նաեւ 2013, 2011 եւ 2009 թվերին, ինչը մասնագետներին ցույց է տվել, որ այդ հարուցիչն ակտիվանում է 2 տարին մեկ պարբերականությամբ:

Լիանա Թորոսյանը նաեւ հիշեցրել է, որ գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնին (Հայաստանում դա հոկտեմբերից մինչեւ ապրիլի վերջն է) ամբողջ աշխարհում 2.5-3 մլն մարդ հիվանդանում է գրիպի որեւէ տեսակով (սովորաբար՝ այդ տարի ավելի ակտիվ տեսակով), նրանցից 250-500 000-ը մահանում է:



© NEWS.am Medicine