Բժիշկներն իրարից առանձնացրել են բժշկության պատմության մեջ ամենափոքր սիամական երկվորյակներին (ֆոտո)

19:36   1 փետրվարի, 2016

Բեռնում կարողացել են իրարից առանձնացնել երկու ութ օրական սիամական երկվորյակի, որոնց ծնողները Լիդիա եւ Մարիա էին կոչել: 

13 բժշկից կազմված խումբն ի սկզբանե նախատեսել էր այդ շատ ռիսկային վիրահատությունն իրականացնել առնվազն կես տարի անց, երբ բաժանման ընթացքում մահացու ելքի հավանականությունն ավելի փոքր լիներ, սակայն երկվորյակների մոտ շատ վտանգավոր պաթոլոգիա էր զարգացել. աղջիկներից մեկն իր օրգանիզմում ավելի շատ էր արյուն  «պահում», քան մյուսը: Այդ փաստը ճակատագրական է դարձել երկու փոքրիկ հիվանդի համար, այդ պատճառով բժիշկները որոշում են կայացրել անմիջապես բաժանել երկվորյակներին:  

Երկվորյակ աղջիկները ծնվել էին մեկ լյարդով, սակայն կենսականորեն կարեւոր մնացած օրգաններն ամեն մեկի մոտ իրենն էին եւ ինքնուրույն էին զարգանում: Լյարդը ինքնավերականգնվող օրգան է, եւ բժիշկները կարող էին մասամբ հեռացնել այն` հաշվի առնելով, որ որոշ ժամանակ անց այն ամբողջությամբ կվերականգնվի: 

Բժիշկների խոսքով, այդ վիրահատական միջամտության հաջողության շանսերը շատ փոքր էին` 1 տոկոս: Վիրահատությունը 5 ժամ է տեւել: Բայց հույսերն արդարացել են. այժմ` բաժանումից մեկ ու կես ամիս անց, քույրերն իրենց լավ են զգում: Հետագայում աղջիկները եւս մի վիրահատություն են տարել եւ այժմ վերականգնվում են ինտենսիվ թերապիայի մանկական բաժանմունքում: Բժիշկներն ասում են, որ քույրերի քաշն առաջվա նման փոքր է, բայց նրանք զարգանում են պլանի համաձայն. նրանց տեղափոխել են կրծքով կերակրման:



© NEWS.am Medicine