ՄԱԳԱՏԵ-ն առաջարկել է Զիկայի դեմ պայքարել ճառագայթման միջոցով

13:39   3 փետրվարի, 2016

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) Զիկա վիրուսը  փոխանցող մոծակների պոպուլյացիայի նվազեցման նոր մեթոդ է առաջարկել, տեղեկացնում է Reuters-ը:

Նկատի ունեն Aedes aegypti մոծակների արուներին ռենտգենային կամ գամմա-ճառագայթներով ճառագայթելը, որպեսզի նրանց  սերմնանյութն ամուլ դառնա: Այդ մեթոդը մոտ 10 տարեկան է, այն ավելի վաղ կիրառվել էր այնպիսի միջատների պոպուլյացիաների նվազեցման համար, ինչպիսին են պտղային ճանճիկները: 

Լաբորատորիաներում մշակում անցած մոծակների արուները բաց կթողնվեն վայրի բնության մեջ, որտեղ կզուգավորվեն նույն տեսակի էգերի հետ:  Էգերը թերի ձվեր կդնեն, որոնցից թրթուրներ դուրս չեն գալիս, ինչի շնորհիվ տվյալ տարածքում միջատների քանակը կնվազի: 

Գործակալության գլխավոր տնօրեն Ալդո Մալավազիի խոսքով, եթե Բրազիլիայում հսկայական քանակությամբ ամուլ արուներ բաց թողնվեն, մի քանի ամսից արյունածուծների քանակը կնվազի: 

Տեխնոլոգիան մի քանի ամիս մշակվել է Իտալիայում. այնտեղ, որտեղ կիրառվել է, մոծակների պոպուլյացիան կրճատվել է մոտավորապես հինգ անգամ: Չինաստանում արդյունքը եղել է միջատների հարյուր տոկոսով անհետացումը:   

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ) փետրվարի  1-ին ընդունել է, որ Զիկա տենդի արագ տարածվող վիրուսը համաշխարհային մասշտաբի սպառնալիք է եւ արտակարգ դրություն է հայտարարել:  

ԱՀԿ-ի ղեկավար Մարգարեթ Չենը միջազգային հանրությանը կոչ է արել Զիկա վիրուսին համադրված պատասխան տալ: 

«Ես հայտարարում եմ, որ վերջին ժամանակներս Լատինական Ամերիկայում միկրոցեֆալիայի եւ այլ նյարդաբանական խախտումների մակարդակը նման է   2014-ին Ֆրանսիական Պոլինեզիայի վիճակին եւ  առողջապահության ոլորտում ծայրահեղ  վտանգ է ներկայացնում», - հայտնել է նա: ԱՀԿ-ի այդ հայտարարությունը Զիկան դնում է ռիսկի նույն կատերգորիայի մեջ, ինչ Էբոլայի վիրուսը:

Փորձագետների գնահատականով, 2016-ին Ամերիկա մայրցամաքի Զիկա վիրուսով վարակված բնակիչների  թիվը կարող է 4 մլն մարդու հասնել:



© NEWS.am Medicine