Նոր դեղը կերկարացնի կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդների կյանքը

23:49   5 փետրվարի, 2016

Նոր դեղը կարող է  գրեթե երկու տարով երկարաձգել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով   (ԿԱՍ) հիվանդների կյանքը. դա անհամեմատ ավելի շատ է, քան ԿԱՍ-ի բուժման մեջ գործածվող մյուս բոլոր դեղամիջոցների արդյունքը: Այդ մասին տեղեկացրել են Օրեգոնի համալսարանի Գիտական քոլեջի գիտնականները: 

Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզն անբուժելի նյարդադեգեներատիվ հիվանդություն է, որը մկանների կաթվածի եւ ապաճման է հանգեցնում: 

Այս հիվանդության զարգացման գործում կարեւոր դեր է խաղում   SOD1 գենին վերաբերող մուտացիան. դրա ի հայտ գալը հանգեցնում է օրգանիզմում պղնձի նյութափոխանակության խանգարման: ԿԱՍ-ի ախտորոշումից հետո հիվանդի կյանքի առավելագույն տեւողությունը երկուսից հինգ տարի է: Մինչեւ վերջերս արդյունավետ բուժում գոյություն չուներ: 

Իսկ այժմ բժիշկ Ջոզեֆ Բեքմանն ու իր գործընկերներն այդ հիվանդության դեմ այսօրվա դրությամբ ամենաարդյունավետ դեղն են ստեղծել: Երկու տարին այնքան էլ կարճ ժամանակ չէ, եթե հաշվի առնենք, որ այլ դեղամիջոցներ կյանքը երկարաձգում են ընդամենը մեկ ամսով: 

Գիտնականները միացություն են սինթեզել, որն օրգանիզմ մտցնելն օգնում է վերականգնել պղնձի նյութափոխանակությունը եւ այն հասցնել ողնուղեղի վնասված բջիջներին:  Առայժմ դեղամիջոցը փորձարկվել է մկների վրա, բայց հեղինակները հույս ունեն, որ շուտով կկարողանան փորձարկել նաեւ մարդկանց վրա:  

Այդ մասին պատմվում է Neurology ամսագրում:



© NEWS.am Medicine