Գլխի վնասվածքները մեծացնում են ձեռքբերովի թուլամտության առաջացման ռիսկը

10:35   6 փետրվարի, 2016

Գլխի վնասվածքները մեծացնում են տարիներ եւ նույնիսկ տասնամյակներ անց ձեռքբերովի թուլամտության առաջացման ռիսկը, նույնիսկ եթե հիվանդին թվում է, թե ինքը դրանից հետո լիովին վերականգնվել է: Այդ մասին տեղեկացնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները:

Նրանք պարզել են, որ բետա-ամիլոիդային սպիտակուցների թանձրուկները, որոնք կապում են Ալցհայմերի հիվանդության հետ, առկա են այն մարդկանց ուղեղում, որոնք գլխի վնասվածք են տարել, նույնիսկ եթե դա եղել է շատ տարիներ առաջ:  Նրանց հետազոտությունն օգնել է բացատրել, թե ինչու ուղեղի ծանր վնասվածքներ տարած  մարդիկ ձեռքբերովի թուլամտության առաջացման ռիսկի խմբերում են գտնվում:   Չնայած բազմաթիվ գիտական հետազոտություններն արդեն ցույց են տվել գլխի վնասվածքների եւ ձեռքբերովի թուլամտության կապը, մինչեւ վերջերս գիտնականները չէին կարողանում բացատրել այդ կապի մեխանիզմը:   

Նոր հետազոտության ընթացքում, որի մասին տեղեկացնում է   Neurology ամսագիրը, գիտնականները հետեւել են 9 հիվանդի, որոնք անցյալում տարբեր աստիճանի ծանրության ուղեղի վնասվածք էին տարել: Նրանցից շատերի մոտ այդ վնասվածքների պատճառը եղել է դիտարկման սկզբից 1-17 տարի առաջ տեղի ունեցած ՃՏՊ-ն: Չնայած կամավորները վնասվածքների հետեւանքով ոչ մի ֆիզիկական շեղում չունեին, շատերն այնուամենայնիվ բախվում էին հիշողության եւ կենտրոնացման խնդիրների: 

Ուղեղի բարձր տեխնոլոգիական սկանները ցույց են տվել, որ այդ մարդկանց, ինչպես նաեւ Ալցհայմերի հիվանդության զոհերի մոտ ուղեղը պահպանում է բետա-ամիլոիդային սպիտակուցների կուտակումները:  Այն հիվանդների մոտ, որոնք ուղեղի նյարդային մանրաթելերի մեծ վնասվածքներ էին ստացել, դիտարկվում էր նման գնդիկների ավելի մեծ քանակություն: Որպես վերահսկիչ խումբ հանդես էին գալիս առողջ կամավորները, ինչպես նաեւ Ալցհայմերի հիվանդությամբ տառապողներ:

 



© NEWS.am Medicine