Լաբորատորիայում աճեցված միսն արդեն 5 տարուց կհայտնվի շուկաներում

15:31   5 փետրվարի, 2016

MemphisMeatsս սթարթապ նախագծի հետազոտողների խումբը նախատեսում է լաբորատոր պայմաններում արհեստական միս ստեղծել` անվտանգ, որեւէ պաթոգեն, հորմոնի կամ հակաբիոտիկի հետք չպարունակող:  

Հեղինակների կարծիքով, բջիջների աճեցման միջոցով ստեղծված միսը կունենա իսկականի բոլոր հատկությունները: Համն էլ լավը կլինի, վստահեցնում են գիտնականները: 

Նման միս «պատրաստելու» համար գիտնականները խոզերի, կովերի եւ հավերի  հյուսվածքներից վերականգնման մեծ կարողություն ունեցող բջիջներ են  առանձնացնում: Դրանից հետո նրանք բջիջները տեղավորում են բիոռեակտորում, որտեղ դրանք մեկից երեք շաբաթվա ընթացքում աճում են թթվածնի, անհրաժեշտ սննդանյութերի եւ հորթի սաղմնային սիճուկի առկայությամբ:  Մասնագետների խոսքով, նման մսի   1 կալորիայի ստեղծման համար ընդամենը 1 կալորիա էներգիա է անհրաժեշտ: Ավելին, նման մսից թունավորվելն անհամեմատ ավելի դժվար կլինի, քան իսկականից: 

Առաջիկա հինգ տարվա ընթացքում մշակողները, որոնք արդեն մի քանի մլն դոլարի չափով ֆինանսավորում են ստացել, նախատեսում են սկսել կենսատեխնոլոգիական մսամթերքի մի ամբողջ տեսականու թողարկում: Նրանք վստահ են, որ  20 տարուց շուկայում մսի մեծ մասը լաբորատորիաներում աճեցված կլինի։



© NEWS.am Medicine