Ծնողների դեպրեսիան ազդում է դպրոցում երեխաների հաջողությունների վրա

11:48   6 փետրվարի, 2016

Այն երեխաները, ում ծնողները դեսպրեսիայով են տառապում, դպրոցում ավելի վատ են սովորում: Նման եզրակացության են հանգել Դրեքսելի  Համալսարանի Հանրային առողջության դպրոցի հետազոտողները  (Drexel University School of Public Health):

Գիտնականների խումբը Բրայան Լիի (Brian Lee) ղեկավարությամբ վերլուծել է Շվեդիայում  1984-ից 1994-ի ընթացքում ծնված 1,1 մլն երեխայի մասին տվյալներ: Մայրերի  3 տոկոսի եւ հայրերի 2 տոկոսի մոտ դեպրեսիա էր ախտորոշվել այն ժամանակահատվածում, երբ նրանց երեխաները սովորում էին դպրոցում: Դեպրեսիայից տառապող ծնողների երեխաներն ավելի վատ էին սովորում, քան այն դպրոցականները, որոնց ծնողների մոտ այդ հիվանդությունը չէր ախտորոշվել: 

Ավելի վաղ արդեն ցույց էր տրվել, որ այն երեխաների մոտ, որոնց ծնողները դեպրեսիայից էին տառապում, ավելի հաճախ էին վարքային խնդիրներ ի հայտ գալիս եւ դիտարկվում ուղեղի զարգացման խանգարումներ: 

Հայտնի է, որ դեպրեսիան վատացնում է հիվանդի կյանքի որակը, սակայն տվյալներ չկան այն մասին, թե այդ վիճակն ինչպես է ազդում դեպրեսիայով հիվանդների հետ շփվող մտերիմների եւ հարազատների առողջության վրա: Նրանք նաեւ ընդգծում են, որ իրենց ստացած տվյալները վկայում են, որ ծնողներին համապատասխան թերապիայի նշանակումը կօգնի հաղթահարել երեխաների դպրոցական առաջադիմության հետ կապված խնդիրները:



© NEWS.am Medicine