Ստատինները կարող են կանխել մարդու կուրությունը

17:53   6 փետրվարի, 2016

Տարիքային մակուլյար դեգեներացիայի (ՏՄԴ) դեպքում ստատիններն ունակ են կանխել տեսողության կորուստը՝ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը, պարզել են Հարվորդի բժշկական դպրոցի հետազոտողները:

Հետազոտողները ենթադրում էին, որ մակուլյար դեգեներացիայի զոհերի համար կարող են օգտակար լինել այն դեղերը,ո րոնք մաքրում են արյունատար անոթներում ճարպային կուտակումները: Նախորդ հետազոտությունները որոշակի եզրակացության չէին հանգել, բայց հիմա ապացուցված է, որ ստատինների բարձր չափաբաժինները ( ավանդականներից գրեթե կրկնակի ավելին ) ունակ են բարելավել տեսողությունը:

Ստատինների կատեգորիային պատկանող «լիպիտոր» դեղամիջոցի բարձր չափաբաժիններով բուժումը մաքրել է ՏՄԴ ունեցող 10 հիվանդների ցանցաթաղանթի հետեւում ճարպային կուտակումները, ինչի շնորհիվ նրանց տեսողությունը լավացել է: Հիմա գիտնականները համարում են, որ այս նախնական հետազոտությունների բավականին խոստումնալից արդյունքները կարող են նպաստել տեսողությունը կորցնող միլիոնավոր մարդկանց բուժմանը:

Տարիքային մակուլյար դեգեներացիան տարիքի հետ զարգացող հիվանդություն է, որի պատճառը ճարպային լիպիդների ու սպիտակուցների կուտակումներն են ցանցաթաղանթի տակ : Ժամանակի ընթացքում հիվանդների տեսողությունն ավելի լղոզված է դառնում, կամ էլ նրանք առհասարակ կորցնում են կենտրոնական տեսողությունը, ինչը դառնում է մասնակի կուրության պատճառ:



© NEWS.am Medicine