Կոլումբիայում որոշել են դիմակահանդեսի մասնակիցներին Զիկայի վիրուսից պաշտպանել պահպանակներով

12:55   6 փետրվարի, 2016

Զիկա վիրուսով վարակումը կանխարգելող միջոցառումների շրջանակում Կոլումբիայի ատլանտյան ծովափին Բարանկիլյա քաղաքի դիմակահանդեսին երկրի իշխանությունները նախատեսում են   200 հազար պահպանակ բաժանել: Այդ մասին գրում է  El Pais թերթը:

«Մենք դիմակահանդեսի բոլոր մասնակիցներին եւ այցելուներին հատուկ պայուսակներ կբաժանենք», — բացատրել է Ալմա Սոլադոն` առողջապահության քաղաքային նախարարության ներկայացուցիչը: Դրանցում տեղեկություններ կան սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման, ցածրորակ մթերքի եւ ըմպելիքների օգտագործման, ինչպես նաեւ Չիկունգունյա, Դենգե եւ Զիկա վիրուսների տարածման մասին:  

«Մեր եւս մեկ խնդիրն է` խորհուրդ տալ հղիությունը հետաձգել մինչեւ համաճարակային բարձրակետի անցնելը, ասել է Սոլադոն:  Այդ պատճառով մենք սկսել ենք  «Անվտանգ սեքսի դիմակահանդես» արշավը, որի  շրջանակում նախատեսում ենք բարձրացնել բնակչության սեռական կրթության մակարդակը եւ 200 հազար պահպանակ բաժանել»:

Առողջության պահպանման հատուկ արշավը երկրի բոլոր շրջաններում սկսվել է հունվարի 26-ին: Դրա գագաթնակետը կդառնա դիմակահանդեսային երթը, որը տեղի կունենա փետրվարի   6-ից 10-ը, տեղեկացնում է Lenta-ն:

Բարանկիլյայում դիմակահանդեսը Կոլումբիայի գլխավոր տոնն է եւ Լատինական Ամերիկայում իր նշանակությամբ երկրորդ դիմակահանդեսը: Այս տարի, ավանդույթին հակառակ, երթը կբացի ոչ թե անցյալ տոնի հաղթողը, այլ բեռնատարների շարասյունը, որոնք Զիկա վիրուսը փոխանցող մոծակների դեմ պայքարող քիմիկատների կցանեն:



© NEWS.am Medicine