Ինչպես նվազագույնի հասցնել ձեր տեսողության վրա համակարգչի վնասակար ազդեցությունը

15:11   6 փետրվարի, 2016

Մեր տեսողության վրա համակարգչի վնասակար ազդեցությունը նվազագույն կլինի, եթե հետեւենք աչքերի հիգիենայի մի քանի պարզ կանոնի, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը: 

Մասնագետը խորհուրդ է տալիս նախ եւ առաջ ուշադրություն դարձնել այն տարածքի լուսավորությանը, որում համակարգչով աշխատում եք. տարածքում չափազանց մութ չպիտի լինի: Ոչ պակաս կարեւոր է համակարգչի հետ աշխատանքի ընթացքում ձեր դիրքը: 

 Համակարգչի դիմաց 40-50 րոպեից ավելի չնստել: Մի քիչ աշխատելուց հետո ցանկալի է շեղվել, քայլել   5 րոպե, պատուհանից հեռուն նայել, իսկ հետո վերադառնալ մոնիտորին: 

Չոր աչքի համախտանիշը, իմիջիայլոց, հիմնականում կապում են հենց մոնիտորի դիմաց երկար նստելու հետ, այդ պատճառով դրա կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տալիս համակարգչով աշխատելիս չմոռանալ հաճախ թարթել աչքերը: 

Ակնաբույժի կարծիքով, սնունդը եւս շատ կարեւոր է, որովհետեւ   չնայած առողջ սնունդն անմիջական ազդեցություն չի ունենում աչքերի վրա, կանխարգելում է մի շարք այլ հիվանդություններ, որոնք իրենց հերթին կարող են աչքերի հետ կապված խնդիրների հանգեցնել: Դիաբետը, օրինակ, կարող է ավերիչ ազդեցություն ունենալ տեսողության վրա, իսկ դիաբետի զարգացումը հաճախ, այլ գործոններից բացի, կապում են սխալ սննդի հետ: Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ բանջարեղենին եւ մրգերին եւ հնարավորինս քիչ ուտել ամեն տեսակ   «վնասակար բաներ»:



© NEWS.am Medicine