Նոր թեստը մի քանի վայրկյանում ցույց կտա պրեէկլամպսիայի զարգացումը

10:42   8 փետրվարի, 2016

Օհայոյի համալսարանին կից Վեքսների բուժկենտրոնի գիտնականները նոր թեստ են մշակել հղի կանանց մոտ պրեէկլամպսիայի՝ հղիության վտանգավոր բարդացման զարգացման հավանականությունը որոշելու համար:

Թեստը, որը ստեղծել են մի խումբ գիտնականներ՝ Կարա Ռուդի ղեկավարությամբ, բացահայտում է սխալ մակարդված սպիտակուցները, որոնց ներկայությունը մեզի մեջ պրեէկլամպսիայի ախտանիշների դրսեւորումից շատ առաջ հուշում է այդ բարդացման զարգացման բարձր հավանականության մասին: Թեստն անցկացնելը շատ հեշտ է ու շատ ժամանակ չի խլում:

Թեստն արդեն փորձարկվել է 346 հղի կանանց վրա: Նրանք բոլորը մեզ են հանձնել թեստի համար, նաեւ մի շարք կենսաքիմիական հետազոտություններ անցել, որոնք նույնպես ցույց են տալիս պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը:

Պրեէկլամպսիան բացահայտվել է փորձին մասնակցող կանանց 89 տոկոսի մոտ: Նրանց 79 տոկոսի մոտ պրեէկլամպսիայի զարգացման պատճառով բժիշկները ստիպված են եղել ժամկետից շուտ արհեստական ծննդաբերություն սադրել: Թեստի ճշգրտությունը կազմել է 86 տոկոս՝այն օգնել է արագ ու բավականին ճշգրիտ կանխատեսել պրեէկլամպսիայի առաջացման հավանականությունը:

Պրեէկլամպսիա ախտորոշվում է հղիների մոտավորապես 5-8 տոկոսի մոտ՝ այն զարգանում է հղիության վերջին փուլերում ու կարող է ծանր հետեւանքներ ունենալ թե մոր, թե պտղի համար: Հենց պրեէկլամպսիան է մայրական մահերի 18 տոկոսի պատճառը:

 

 



© NEWS.am Medicine