Ֆրանսիան Զիկայի պատճառով փոփոխել է դոնորության կանոնները

13:54   8 փետրվարի, 2016

Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը հայտնել է Զիկա վիրուսի տարածումը կանխելու նպատակով արյուն հանձնելու կանոնների փոփոխության մասին: 

Բոլոր դոնորները, որոնք Ֆրանսիա են եկել այն երկրներից, որտեղ Զիկա վիրուս է հայտնաբերվել, պիտի  28 օր սպասեն, մինչեւ նրանց կթույլատրվի արյուն հանձնել, պարզաբանել է նախարարը: 

«Մենք միջոցներ ենք ձեռք առնում` հավաստիանալու, որ դոնորների արյան մեջ վիրուս չկա: Այն երկրներից եկածները, որտեղ Զիկա է հայտնաբերվել, չպետք է արյուն հանձնեն մինչեւ 28-օրյա ժամանակահատվածի ավարտը», — Europe-1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Տուրենը:

2016-ի հունվարի 27-ին վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի Հյուսիսամերիկյան, Հարավամերիկյան եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների  27 երկրում` Բարբադոսում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Կանաչ Հրվանդանում, Սալվադորում, Ֆիջիում, Ֆրանսիական Գիյանայում, Գվադելուպում, Գվատեմալայում,  Գայանայում, Հաիթիում, Հոնդուրասում, Մալդիվներում, Մարտինիկում, Մեքսիկայում, Սեն-Մարտենում, Սամոայում, Սողոմոնյան կղզիներում, Սուրինամում, Թայլանդում, Վենեսուելայում:



© NEWS.am Medicine