Քաղցկեղի 10 անսպասելի ախտանիշ

16:36   8 փետրվարի, 2016

Մշտական հազ, դժվարությամբ անցնող բորբոքում, քաշի կորուստ եւ հաճախ զուգարան գնալ. այդ բոլոր խնդիրները կարող են նույնանալ ինչ հետ ասես, բայց ոչ քաղցկեղի: Սակայն դրանք կարող են հենց քաղցկեղի ախտանիշներ լինել:  

Մասնագետները պատմել են այն 10 ախտանիշի եւ մարմնում փոփոխության մասին, որոնք կարող են քաղցկեղի զարգացում մատնանշել: 

1. Հազը թոքերի քաղցկեղի ախտանիշ է

Թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այդ քաղցկեղը կարող է երկար ժամանակ չդրսեւորվել, բայց երբ ի վերջո հայտնաբերեն, հիվանդին արդեն ոչնչով օգնել չի լինի: 

Քաղցկեղի վաղ նշաններ են համարվում հազը, կրծքավանդակում ցավը, խորը շնչելու դժվարությունները եւ արյունախառն հազը: 

2. Խալի ձեւի փոփոխությունը մաշկի քաղցկեղի ախտանիշ է 

Մելանոման քաղցկեղի առավել տարածված տեսակն է. այն կարող է ի հայտ գալ որտեղ ասես, բայց սովորաբար ի հայտ է գալիս թիկունքին, ոտքերին, ձեռքերին, դեմքին եւ նույնիսկ եղունգի տակ: 

Մելանոմայի նշան կարող է լինել առկա խալի ձեւի եւ գույնի փոփոխությունը կամ նորի ի հայտ գալը: Պետք է բժշկին դիմել, եթե. 

• Խալի չափը մեծացել է (մելանոման սովորաբար 6 մմ-ից մեծ է լինում)

• Ձեւի փոփոխությունը (մելանոման սովորաբար անհամաչափ է)

• Գույնի փոփոխությունը ( մելանոման սովորաբար 2 գույնի է)

• Սկսել է արյունահոսել կամ պնդացել է

• Սկսել է քոր գալ ու ցավել

3. Աղիքների աշխատանքում փոփոխությունը աղիքների քաղցկեղի նշան է 

Զուգարանակոնքում արյունը, աղիքների աշխատանքի փոփոխությունը  (օրինակ` ավելի հաճախ զուգարան գնալը) եւ ստամոքսի ցավը կարող են քաղցկեղի նշան լինել:  Սակայն այս նույն ախտանիշները կարող են ի հայտ գալ նաեւ այլ հիվանդությունների պատճառով: Ամեն դեպքում, եթե ձեզ մոտ նկատել եք վերոհիշյալ երեք ախտանիշներից մեկը, ցանկալի է ամեն դեպքում խորհրդակցել բժշկի հետ: 

4. Խոցերը քաղցկեղի շատ տեսակների ախտանիշ են

Բերանում խոցերը եւ  բորբոքումները կարող են բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել, հատկապես եթե երկար ժամանակ չեն անցնում: Բերանում մշտական ցավը կարող է քաղցկեղի այդ տեսակի առկայությունը մատնանշել: 

Եթե ձեր մարմնի վրա խոցեր կան, որոնք չեն անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, նույնիսկ եթե դրանք ցավոտ չեն եւ ոչ մի անհարմարություն չեն պատճառում: 

5. Դժվարացած կլլումը կերակրափողի քաղցկեղի նշան է 

Կլլման խնդիր կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով, բայց եթե այդ խնդիրն արդեն մի քանի շաբաթ չի անցնում, պետք է բժշկին դիմել: 

6. Քաշի կորուստը քաղցկեղի շատ տեսակների նշան է 

Քաղցկեղով հիվանդների մեծամասնությունը վաղ թե ուշ սկսում է քաշ կորցնել: Եթե դուք հանկարծ  (ոչ մի ջանք չգործադրելով, առանց մտադրության) նիհարել եք 4.5 կգ-ով կամ ավելի, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի կամ թոքերի քաղցկեղի նշան լինել: 

7. Միզարտադրության խնդիրները միզափամփուշտի կամ շագանակագեղձի քաղցկեղի նշան են 

Միզարտադրության ընթացքում ցավերը, հաճախակի միզարտադրությունը կամ դրա հետ կապված բարդությունները կարող են մի շարք հիվանդությունների ախտանիշներ լինել, սակայն այդ շարքում է նաեւ քաղցկեղը: Մեզում արյունը կարող է քաղցկեղի նշան լինել: 

Իհարկե, միզարտադրության խնդիրները կարող են վարակի կամ շագանակագեղձի մեծացման նշան լինել, բայց ոչ մեկին չի խանգարի եւս մեկ անգամ ստուգվել: 

8. Այտուցները քաղցկեղի շատ տեսակների ախտանիշներ են

Մարմնի ցանկացած հատվածում այտուցները կամ թանձրացումները կարող են քաղցկեղ մատնանշել:  Սովորաբար այդպես է ի հայտ գալիս կրծքի, ավշային հանգույցների եւ փափուկ հյուսվածքների քաղցկեղը: Եթե ձեր մարմնում անհասկանալի թանձրացում է ի հայտ եկել, ցույց տվեք բժշկին:  

9. Անհասկանալի ցավը քաղցկեղի շատ տեսակների ախտանիշ է 

Ցավը կարող է քաղցկեղի շատ տարատեսակների ախտանիշ լինել, օրինակ` ոսկրերի կամ ձվարանների քաղցկեղի: Գլխացավը, որը ոչ ինքնուրույն, ոչ էլ դեղերից հետո չի անցնում, օրինակ, կարող է ուղեղի քաղցկեղի նշան լինել: Թիկունքի երկարատեւ ցավերն իրենց հերթին կարող են աղիքների կամ ձվարանների քաղցկեղ մատնանշել:  

10. Արյունահոսությունը քաղցկեղի շատ տեսակների նշան է 

Արյունահոսությունը կարող է ի հայտ գալ քաղցկեղի շատ տարատեսակների ինչպես վաղ, այնպես էլ ուշ փուլերում: Արյունոտ հազը կարող է աղիքների քաղցկեղի նշան լինել: Հեշտոցային արյունահոսությունը կարող է լինել հեշտոցի լորձաթաղանթի կամ արգանդի վզիկի քաղցկեղի նշան: Մեզի մեջ արյունը կարող է միզափամփուշտի, երիկամների կամ շագանակագեղձի քաղցկեղի նշան լինել: Պտուկներից արյունը կարող է կրծքի քաղցկեղի նշան լինել:



© NEWS.am Medicine