Մրսածությունը սպանել է 5 տարեկան բրիտանացի երեխային

20:36   8 փետրվարի, 2016

Մեծ Բրիտանիայում հինգ տարեկան աղջիկը   մահացել է, թվում է, թե սովորական մրսածությունից, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, որովհետեւ նրա հիվանդությունը ծայրաստիճան հազվագյուտ բարդացում է ունեցել: Նախ Էլիզաբեթ Սփենսերի մոտ սովորական մրսածություն հիշեցնող ախտանիշներ են ի հայտ եկել: Սակայն հաջորդ օրը նա կորցրել է գիտակցությունը եւ ուղարկվել է վերակենդանացման բաժանմունք, որի բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են դրել: 

Ընդամենը 18 օրից երեխան մահացել է: Մրսածություն հիշեցնող վիրուսը ծայրաստիճան հազվագյուտ աուտոիմունային հիվանդություն է առաջացրել հեմոֆագոցիտային լիմֆոհիստոցիտոզ անունով, որն էլ ծանրագույն սեպտիկ շոկի պատճառ է դարձել`  հանգեցնելով կենսականորեն կարեւոր օրգանների անջատման:  Հիվանդության պատճառով երեխայի վերջույթները դադարել են արյունով սնուցվել: 

Այժմ նրա մայրը գումար է հավաքում, որպեսզի արշավ անցկացնի` մարդկանց ուշադրությունը հրավիրելով այդ հազվագյուտ հիվանդության վրա: Նա չի ուզում, որ որեւէ այլ մայր բախվի այդ մղձավանջին:  

Հեմոֆագոցիտային լիմֆոհիստոցիտոզը շատ հազվագյուտ եւ բարդ հեմատոլոգիական հիվանդություն է: Այն բնութագրվում է օրգանիզմի հատուկ բջիջների` հիստոցիտների  անբնական բազմացմամբ եւ ակտիվացմամբ: Հիվանդի վիճակը շատ արագ վատանում է եւ փրկության միակ հույսը դառնում է քիմիաթերապիայով եւ այլ հզոր դեղամիջոցներով բուժումը:  Բայց նույնիսկ այդ դեպքում շանսերը բավականին ցածր են, եւ այս հիվանդությունը լիարժեքորեն հաղթահարելու միակ հավանականությունը ոսկրածուծի փոխպատվաստումն է:



© NEWS.am Medicine