Հայաստանում 10 000 մարդուն 5 ատամնաբույժ է բաժին ընկնում. սոցիոլոգ

14:48   9 փետրվարի, 2016

Հայաստանում այսօրվա դրությամբ մոտ 1640 ատամնաբույժ կա. 10 000 բնակչին 5 ատամնաբույժ է բաժին ընկնում: Համեմատության համար, Ռուսաստանում 10 000 բնակչին 3.5 ատամնաբույժ է բաժին ընկնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: 

Հետաքրքիր է, որ սոցիոլոգի խոսքով, 2007-2010 թվականներին Հայաստանում ատամնաբույժների թիվն ավելի մեծ էր: Եթե 2000-ին մոտ 1100 ատամնաբույժ կար, 2010-ին նրանց թիվը դարձավ 2200: Իսկ 2007-ին ամեն 10 000  մարդուն 7 եւ ավելի ատամնաբույժ էր բաժին ընկնում: Սակայն վերջին հինգ տարվա ընթացքում բնակչության թվի կրճատմամբ եւ երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` շատ ատամնաբուժական կլինիկաներ են փակվել եւ շատ մասնագետներ մեկնել են այլ երկրներ: 

Ինչպես նշել է Ահարոն Ադիբեկյանը, Հայաստանն ատամնաբույժների առավելագույն քանակություն ունեցող երկրներից է: Ավելին, Հայաստանն այլ երկրներ մասնագետներ է «արտահանում»:

Ինչ վերաբերում է ատամնաբուժական կլինիկաներին, Ադիբեկյանի տվյալներով, Երեւանում 60 կլինիկա է գրանցված, բայց նրանց իրական թիվն անհայտ է:



© NEWS.am Medicine