Նախաճաշը բաց թողնելը սպառնում է ուղեղում արյունազեղմամբ, պարզել են ճապոնացի գիտնականները: Այդ ռիսկը մեկ երրորդով (35 տոկոսով) մեծանում է, եթե սնունդն անընդհատ փոխարինվում է առավոտյան մի բաժակ սուրճով կամ թեյով, տեղեկացնում է The Japan Times-ը:
Օսակայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 45-ից 74 տարեկան ավելի քան 82 հազար մարդու տվյալները: Դիտարկումներն անցկացվել են քառորդ դարի ընթացքում` 1985-ից մինչեւ 2010 թվականը: Տվյալ ժամանակահատվածում ուղեղի արյունազեղման 1051 դեպք է արձանագրվել:
Ինչպես պարզել են հետազոտողները, նախաճաշը բաց թողնելը կարող է նույնանալ առավոտյան արյան բարձր ճնշման հետ: Իսկ դա ուղեղում արյունազեղման ռիսկի գործոն է:
Միաժամանակ գիտնականներն իշեմիկ կաթվածի (ուղեղի կաթվածի) տարածվածության մեջ տարբերություն չեն տեսել: Հավանաբար բարձր ճնշումն ավելի քիչ է ազդում ուղեղի կաթվածի հավանականության վրա, քան արյունազեղային կաթվածի:
Ի տարբերություն նախորդ հետազոտությունների, որոնք անցկացվել են եվրոպական եւ ամերիկյան գիտնականների կողմից, Ճապոնիայի գիտնականները որեւէ հստակ կապ չեն տեսել նախաճաշը բաց թողնելու եւ սրտի կաթվածի ռիսկի միջեւ: Հնարավոր է` դա կապված է Ճապոնիայում ճարպակալման ավելի ցածր ռիսկի հետ:
Ավելի վաղ բրիտանացի եւ ամերիկացի գիտնականներն արդեն նկատել էին, որ նախաճաշը բաց թողնելը հիպերտոնիայի վտանգ է պարունակում: Նրանց տվյալներով, արթնանալուց հետո սննդից հրաժարումը մեծացնում է սրտի հիվանդություններից մահանալու ռիսկը: Մասնագետները հայտնել են, որ նախաճաշը կարգավորում է ինսուլինի, խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնում է արյան ճնշումը:
Բացի այդ, մի բաժակ թեյին շիլա կամ ձվածեղ ավելացնելով` ավելի հեշտ է վերահսկել քաշը: Դիետոլոգների խոսքով, ճարպակալումից տառապող մարդկանց մեծամասնությունը նախաճաշելու սովորություն չունի: Բայց առավոտյան սննդի ընդունումը բաց թողնելով` հավանական է, որ նրանք ոչ միայն նորմայով սահմանվածը «մինչեւ վերջ կուտեն», այլեւ չափից մեծ քանակությամբ եւ բարձր կալորիականությամբ սնունդ կօգտագործեն: Ավելին, մեծանում է երկրորդ տեսակի դիաբետով հիվանդանալու ռիսկը:
Նախաճաշն օգտակար է նրանով, որ օգնում է ավելի լավ կենտրոնանալ եւ ավելի շատ բան մտապահել: Բացի այդ, առավոտյան օգնում է հաղթահարել վատ տրամադրությունը: