Կարիճի խայթոցի հետեւանքով հեռացրել են մարդու ստամոքսը

14:00   11 փետրվարի, 2016

Բժիշկները ստիպված են եղել հեռացնել երկու երեխայի 47-ամյա հոր ստամոքսը այն բանից հետո, երբ նրան խայթել է կարիճը: 

Այդ ճակատագրական օրը բրիտանական Քեմբրիջի բնակիչ Դին Արմսթրոնգը կերակրում էր Սյու անունով իր ընտանի կարիճին, երբ միջատը խայթել էր տղամարդուն: Կարճ ժամանակ անց Դինը կաթվածահար էր եղել. տղամարդը մեկ րոպեից կորցրել էր գիտակցությունը եւ ընկել գետին: Այնտեղ նրան հայտնաբերել էր հավաքարարը, որը շտապօգնություն էր կանչել: 

Հիվանդանոցում Դինին արյան շտապ փոխներարկում էին կատարել` փորձելով այն մաքրել կարիճի թույնից: Տղամարդու մարմնի ամբողջ աջ կեսը կաթվածահար էր եղել, Դինը չէր կարողանում խոսել, սակայն մոտավորապես մեկ ժամ անց բոլոր ախտանիշներն անցան: Հաջորդ օրը նրան դուրս գրեցին, բայց մի քանի շաբաթից նա դարձյալ ցավ զգաց: Պարզվեց, որ թույնը հասել է ենթաստամոքսային գեղձին եւ տղամարդը չի կարողանում նորմալ մարսել սնունդը:  

Բժիշկները եւս մեկ վիրահատություն կատարեցին օրգանից թույնը քամելու համար, ինչից հետո Դինին նորից տուն թողեցին: Բայց մեկ տարի անց նրա որովայնում կիստա առաջացավ, որը պայթեց, ինչի հետեւանքով անհրաժեշտ եղավ երրորդ անգամ վիրահատել նրան: Արդյունքում բժիշկները ստիպված եղան հեռացնել նրա ստամոքսը, ենթաստամոքսային գեղձի կեսը, լեղապարկը եւ աղիքների մի մասը: Մինչեւ կյանքի վերջ Դինը ստիպված կլինի կոլոստոմա կրել` կղկղանքը հավաքող պարկ:  

Այս մարդն ամբողջ կյանքում արախնոֆիլ էր եղել` սարդակերպ միջատների սիրահար: Նա չէր վախենում թունավոր միջատներից եւ նման այլ արարածներից, որովհետեւ նրանց շրջապատում էր մեծացել. նրա հայրը 1960-ականներին մասնավոր գազանանոց էր բացել: Դինը հոր օրինակով սկսեց մողեսների, օձերի եւ կարիճների սեփական հավաքածուն ստեղծել, եւ իր գագաթնակետին այն 50 արարածից էր բաղկացած: Տղամարդը խոստովանում է, որ պահած կենդանիները բոլոր այս տարիների ընթացքում բազմիցս խայթել էին իրեն, բայց միայն Սյու անունով կարիճի խայթոցը նրա համար այսպիսի մղձավանջի վերածվեց:



© NEWS.am Medicine