Պարացետամոլը երեխաների մոտ ասթմայի զարգացմա՞ն է հանգեցնում

13:08   12 փետրվարի, 2016

Պարացետամոլի ընդունումը վտանգավոր է ամենափոքր տարիքի երեխաների համար, պարզել են բրիտանացի գիտնականները: Այդ միջոցը ստացող նորածինները հետագայում երեք անգամ ավելի հաճախակի են ասթմայի զոհ դառնում: Հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումը եւս մեծացնում է հավանականությունը, որ ապագա երեխան տարիներ անց ասթմայով հիվանդ կլինի, պնդում են բժիշկները: 

Միաժամանակ, պարացետամոլը երեխաների բուժման մեջ օգտագործվող ամենատարածված ցավազրկողն է, այդ դեղանյութը ներառված է նաեւ երեխաների համար նախատեսված բազմաթիվ բուժական օշարակների եւ անզգայացնող դեղերի կազմի մեջ: Բրիստոլից գիտնականները Օսլոյի համալսարանի իրենց գործընկերների հետ ուսումնասիրել են 114 500 հղիության վերաբերյալ տեղեկություններ` հետեւելով երեխաների առողջությանը մինչեւ նրանց յոթ տարեկան դառնալը: 

Նրանք պարզել են, որ հղիության ընթացքում կանանց կողմից պարացետամոլի ընդունումը, ինչպես նաեւ փոքր հասակում նորածինների կողմից այս դեղամիջոցի օգտագործումը կապված են երեք տարեկանում ասթմայի զարգացման հետ:   Գիտնականները ստուգել են իրենց տեսության արդարացիությունը` դրան հակադրելով այն գաղափարը, որ ասթման առաջանում է այն հիվանդությունների հետեւանքով, որոնց պատճառով երեխան պարացետամոլ է ընդունում: Բայց նույնիսկ այս գործոնը հաշվի առնելուց հետո դեղի եւ հիվանդության միջեւ կապը նկատելի է եղել: 

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ պարացետամոլը թթվային սթրես է առաջացնում, որի ընթացքում ազատ ռադիկալները ալերգիկ ռեակցիա են առաջ բերում: Փոքր տարիքում պարացետամոլ ստացած երեխաները երեք տարեկան հասակում 29 տոկոսով ավելի հաճախակի են ասթմայի զոհ դարձել եւ նույն հավանականությամբ նրանց մոտ այս հիվանդությունն ախտորոշել են 7 տարեկանում:



© NEWS.am Medicine