Խոտի հիմքի վրա գերբարակ եւ շատ ամուր պահպանակներ են ստեղծվել

21:42   11 փետրվարի, 2016

Ավստրալացի հետազոտողները նոր նյութ են մշակել, որից հնարավոր է շատ բարակ եւ ամուր պահպանակներ պատրաստել: Նրանք այդ նյութը ստանում են… խոտից: 

Սրատերեւ, փշոտ սպինիֆեքս խոտն աճում է Ավստրալիայի ավազների վրա, եւ Քվինսլենդի համալսարանի գիտնականները դրա բարակաթելերից նանոցելյուլոզի տարատեսակ են արտադրում, որն ավելացնում են լատեքսին:  Ստացված նյութից հնարավոր է պահպանակներ արտադրել, որոնք 30 տոկոսով ավելի բարակ են եւ 20 տոկոսով ավելի ամուր, քան դրանց այսօր գոյություն ունեցող բոլոր նմանակները: Նոր պահպանակի հաստությունն ընդամենը  45 միկրոն է, այսինքն այն մարդկային մազից ավելի հաստ չէ: 

Գիտնականները ենթադրում են, որ այս նյութից պահպանակները դուր կգան տղամարդկանց, որովհետեւ սեքսի ժամանակ ավելի բնական զգացողություններ կապահովեն: Պահպանակների ավելի հաճախակի օգտագործումն իր հերթին կնվազեցնի սեռական եղանակով փոխանցվող մի շարք հիվանդությունների եւ ՄԻԱՎ-ի ռիսկը: 

Նոր նյութը կարող է օգտագործվել նաեւ ձեռնոցների արտադրության մեջ` ավելի ամուր, բայց նաեւ` ավելի բարակ եւ «զգայական»: Նման ձեռնոցները կարող են ծայրաստիճան օգտակար լինել վիրաբույժներին. դրանք վիրահատությունների ընթացքում ավելի մեծ զգայականություն կապահովեն, քան այսօր օգտագործվող ձեռնոցները:



© NEWS.am Medicine