ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով

15:58   11 փետրվարի, 2016

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել եւ վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան: Այս մասին NEWS.am Medicine–ին հաղորդեցին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության բոլոր ծննդատներից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունք, որը միակն է Հայաստանում:

Ընթացիկ տարվա 1,5 ամիսների ընթացքում իրականացվել է 46 կանչ, որից 30-ը՝ ՀՀ մարզեր, այդ թվում՝ Կապան, Ալավերդի, Ախուրյան եւ այլ ուղղություններով:

 



© NEWS.am Medicine