D վիտամինով հարուստ սնունդը հղիության ընթացքում երեխային պաշտպանում է ալերգիայից

13:18   13 փետրվարի, 2016

Հղիության ընթացքում D վիտամինով հարուստ սննդամթերքի ընդունումը նվազեցնում է ապագայում երեխայի մոտ ալերգիայի ռիսկը: Այդ մասին տեղեկացնում են Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները:

Նման եզրակացության հանգելու համար Սուպինդա Բունյավանիչն ու իր գործընկերները հետազոտություն են անցկացրել, որին 1248 կին է մասնակցել: Հեղինակները հետեւել են փորձարկման մասնակից կանանց հղիության ընթացքին, ինչպես նաեւ նրանց երեխաների առողջությանը մինչեւ յոթ տարեկանը: 

Դիտարկումը ցույց է տվել, որ այն երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ընթացքում   D վիտամինով հարուստ սնունդ են օգտագործել, խոտի տենդ զարգացել է 20 տոկոսով ավելի հազվադեպ, քան նրանց մոտ, ում մայրերն այլ կերպ են սնվել: Միաժամանակ,  D վիտամին պարունակող կենսահավելումների օգտագործումը ոչ մի կերպ չէր ազդել երեխայի մոտ ալերգիայի ի հայտ գալու հավանականության վրա, արդյունավետ էին այդ վիտամինը պարունակող բնական մթերքները:

Գիտնականների խոսքով, իրենց հետազոտությունը հերթական անգամ հաստատել է, որ ապագա մոր սննդակարգն ազդում է ոչ միայն հենց կնոջ, այլեւ նրա ապագա երեխաների առողջության վրա: 

Գիտնականները հիշեցնում են, որ D վիտամինով հարուստ են այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուն, ձկները, սնկերը եւ հատիկաբույսերը:



© NEWS.am Medicine