Նոր տեխնոլոգիան թույլ կտա կառավարել ձեռքի պրոթեզի մատները

21:40   22 փետրվարի, 2016

Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները նեյրոհամակարգչային ինտերֆեյս են մշակել (brain-machine interface (BMI)), որը թույլ կտա ուղեղի ազդանշանների օգնությամբ կառավարել ձեռքի պրոթեզի առանձին մատները:  

Այսօր բազմաթիվ ժամանակակից պրոթեզներ կան, որոնք կառավարվում են գլխուղեղի կողմից, սակայն այդ պրոթեզների դեպքում հիվանդները կարող են ընդամենը միաժամանակ շարժել բոլոր մատները: Նեյթան Քրոունի եւ իր գործընկերների մշակումը կօգնի պրոթեզներն ավելի կատարյալ դարձնել` հիվանդներին հնարավորություն տալով կառավարել յուրաքանչյուր մատը: 

Փորձարկմանը մասնակցել է էպիլեպսիայով 20-ամյա հիվանդ. նրա գլխուղեղի կեղեւի այն հատված, որը պատասխանատու է դաստակի շարժման համար, թիթեղիկ են մտցրել, որը   128 էլեկտրոդ է պարունակել: Բժիշկներն այն տեղադրել են` պարզելու, թե որտեղ է էպիլեպտիկ աղբյուրը, իսկ գիտնականները ստացված տվյալներն օգտագործել են մատներից յուրաքանչյուրի շարժման ընթացքում ուղեղի ակտիվության գրանցման համար: 

Այդ տվյալների հիման վրա նրանք նեյրոհամակարգչային ինտերֆեյս են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է դարձել կառավարել ձեռքի բիոնիկական պրոթեզը, նույնիսկ առանց նախնական ուսուցման: 

Նոր մշակումն առայժմ փորձարկվել է անդամահատված վերջույթով միայն մի հիվանդի վրա. նրան հաջողվել է 77 տոկոս ճշգրտությամբ առանձին կառավարել յուրաքանչյուր մատը: Գիտնականները նշում են, որ իրենք նախատեսում են շարունակել հետազոտությունները  եւ նոր պրոթեզները հիվանդների համար ավելի մատչելի դարձնել:  Այդ մասին տեղեկացնում է Journal of Neural Engineering:



© NEWS.am Medicine