3-D սիրտն օգնել է փոքրիկ տղայի կյանք փրկել

16:04   27 փետրվարի, 2014

Սրտի արատ ունեցող ամերիկացի տղայի կյանքը փրկել են 3D տեխնոլոգիայի օգնությամբ: 14-ամսական տղայի սիրտը վիրահատելու համար Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մանկական հիվանդանոցի վիրաբույժները սիրտը պատկերել են 3D-պրինտերով, ասված է Courier-Journal-ում հրապարակված հոդվածում, հայտնում է Newsmax Health-ը:

Տղան սրտի շատ արատներ է ունեցել, որոնց պատճառով վիրահատությունը դժվարացել է: Սրտի վիրաբույժ Էրլ Օսթինը կապվել է Լուիսվիլի համալսարանի ինժեներական դպրոցի հետ: MakerBot 3D տպիչի օգնությամբ 2D համակարգչային տոմոգրաֆիայի հիման վրա ստացել են երեխայի սրտի 3D մոդելը, ինչը վիրաբույժներին հնարավորություն է տվել տեսնել արատները եւ մինչեւ վիրահատությունը համապատասխան լուծումներ գտնել:

«Հենց որ ստացա սրտի մոդելը, արդեն ստույգ գիտեի, թե ինչ եւ ինչպես պետք է անեի»,- Courier-Journal-ին տված հարցազրույցում ասել է Օսթինը: Արդյունքում՝ նա կարողացել է ավելի քիչ կտրվածքներ անել եւ կրճատել վիրահատության տեւողությունը:



© NEWS.am Medicine