Ներգանգային ճնշումը (ՆԳՃ, ICP) չափելու ոչ ինվազիվ սարք է մշակվել իսրայելական HeadSense Medical Ltd ընկերության կողմից: HS-1000 անունով սարքն այսօր փորձարկվում է աշխարհի շատ կլինիկաներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաեւ Հայաստանի մի քանի հիվանդանոցում: Ամերիկյան FDA գործակալությանը հայտ է ներկայացվել վաճառքի թույլտվություն ստանալու համար: Եվրոպական հավաստագիր սարքն արդեն ունի (CE):
HeadSense Medical ընկերությունը զբաղվում է հիվանդի վիճակի մոնիտորինգի եւ ցերեբրալ դիսֆունկցիաների ախտորոշման ոչ թանկարժեք, օգտագործման մեջ պարզ սարքերի մշակմամբ: HS-1000-ը ընկերության առաջին արտադրանքն է:
Գաղափարի հեղինակը եւ սարքի մշակողը, ինչպես նաեւ HeadSense Medical ընկերության համահիմնադիրը եւ գիտական տնօրենը մեր հայրենակից Սուրիկ Պապյանն է, որը ներկայումս Իսրայելում է ապրում: Երեւանում նա աշխատանքային այցով է գտնվում` Ալեքսանդրա Լեւինսկիի հետ, որն ընկերությունում պատասխանատու է ալգորիթմիկայի մշակման համար: Այստեղ` Երեւանում, ընկերության համար գիտական հետազոտություններ են իրականացվում, մշակվում են էլեկտրոնային եւ ծրագրային հանգույցներ:
Սուրիկ Պապյան եւ Ալեքսանդրա Լեւնիսկի
Որն է առաջարկվող մեթոդի էությունը: Պատկերավոր ասած, HS-1000-ը «լսում է» մեր ուղեղը: «Մեր ուղեղը, ինչպես եւ ամբողջ օրգանիզմը,-պարզաբանում է Սուրիկ Պապյանը, –իր աշխատանքի ընթացքում աղմուկ է անում, բայց «աղմկում է» ցածր հաճախությունների վրա, այդ պատճառով մենք դա չենք լսում: Մեր արյունատար համակարգի արտազատած ձայները կարելի է համեմատել ջրատար համակարգի ձայների հետ: Անոթների նեղացած եւ լայնացած հատվածներով անցնելիս արյունը այլ կերպ է «աղմկում», քան նորմալ անոթներով անցնելիս»:
Այդ ձայները կարելի է «լսել»` միկրոֆոն տեղադրելով ականջախեցու մեջ, որովհետեւ արտաքին լսողական անցուղին, հերմետիկորեն փակ լինելով, յուրահատուկ ռեզոնատոր է եւ նախագծի մեկ այլ մասնակցի, Հայաստանի ԳԱԱ-ի Ֆիզիոլոգիայի ինստիտուտի փսիխոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Խաչունցի պատկերավոր ձեւակերպմամբ, «երգեհոնային խողովակի» պես մի բան է:
Ճիշտ ինչպես փորձառու մեխանիկը շարժիչի աղմուկով կարող է որոշել մեքենայի անսարքությունը, HS-1000-ը ձայնի փոփոխությամբ կարող է որոշել ուղեղի աշխատանքի խանգարումները: Սարքում կիրառվող մաթեմատիկական ալգորիթմները թույլ են տալիս դինամիկ եղանակով հաշվարկել եւ արտացոլել ներգանգային ճնշման մեծությունը:
Գիտականորեն ասած, HS-1000 –ը միկրոֆոնով զինված սարք է, որը տեղադրվում է ականջի մեջ եւ գրանցում է ակուստիկ ազդանշանը, որի ձեւավորումն ապահովում են հեմոդինամիկ եւ լիկվորոդինամիկ գործընթացները (արյան եւ ուղեղային հեղուկի`լիկվորի տեղափոխությունները), վերին շնչուղիներում օդի հոսանքները եւ այլն:
Ակուստիկ ազդանշանը փոխանցվում է պլանշետին, համակարգչին կամ բջջային սարքին, որի վրա հատուկ հավելված է տեղադրված: Հավելվածը պարունակում է ներգանգային ճնշման մակարդակի եւ ֆիզիոլոգիական պարամետրերի հաշվարկման ալգորիթմ, որոնք անհրաժեշտ են հիվանդի վիճակը գնահատելու համար: Գրաֆիկական ինտերֆեյսն ապահովում է արդյունքների դուրս բերումը:
Ինչու է այդքան կարեւոր ներգանգային ճնշումը վերահսկելը: Ինչպես նշում է Ալեքսանդր Խաչունցը, ՆԳՃ-ի բարձրացման դեպքում գլխուղեղի անոթների ճզմում է տեղի ունենում եւ ավելի քիչ արյուն է մատակարարվում ուղեղին, այդ պատճառով ՆԳՃ-ն ուղեղի վնասվածքների եւ հիվանդությունների դեպքում մոնիտորինգի շատ կարեւոր պարամետր է:
Եթե պահը բաց թողնվի եւ իրավիճակը կրիտիկական դառնա, հաշվված րոպեների ընթացքում հնարավոր է կորցնել հիվանդին:
Որն է HS-1000-ի առավելությունը այլ ոչ ինվազիվ մեթոդների՝ ՀՏ-ի եւ ՄՌՏ-ի նկատմամբ: Կրելիությունը, շարժականությունը, կիրառման պարզությունը եւ ցածր արժեքը: Ինչպես պարզաբանում է Ալեքսանդրա Լեւինսկին, ՀՏ-ն եւ ՄՌՏ-ն թանկարժեք մեթոդներ են, որոնք հիվանդի վիճակի ախտորոշման համար երկար ժամանակ են պահանջում: Դրանք թվային տեղեկություններ չեն ապահովում եւ թույլ չեն տալիս մոնիտորինգի ենթարկել ՆԳՃ-ի փոփոխությունների դինամիկան:
«Մեր սարքի միջոցով հաշվված վայրկյանների ընթացքում կարելի է չափել ՆԳՃ-ի արժեքը, ինչպես նաեւ հնարավոր է հիվանդի վիճակի մոնիտորինգ իրականացնել», - ասում է նա:
Շտապ դեպքերում օգտագործվում են վերահսկողության ինվազիվ մեթոդներ` ողնուղեղային պունկցիա, որը բավականին տարածված, բայց ոչ անվտանգ մեթոդ է: Այլ ինվազիվ մեթոդ է համարվում ներգանգային տարածք ճնշման սենսորի ներմուծումը: Մեթոդն ուղեղի տրեպանացիա (շաղափում) է պահանջում եւ Ալեքսանդրա Լեւինսկիի խոսքով, օգտագործվում է միայն այն դեպքում, երբ մարդու գլուխը վիրահատում են կամ էլ նա արդեն գանգի վնասվածք ունի: «Անընդունելի է անվնաս գլխով մարդու գանգի շաղափումը ՆԳՃ-ն չափելու համար», - ասում է նա:
Իհարկե ուղեղի տրեպանացիան նաեւ դեկոմպրեսիոն ազդեցություն ունի, դրենավորման մեթոդով իջեցվում է ճնշումը, բայց դա հղի է բազմաթիվ խնդիրներով` արյունահոսությամբ եւ վարակմամբ, հավելում է Ալեքսանդր Խաչունցը: Տրեպանացիայի համար կլինիկական պայմաններ են անհրաժեշտ եւ բարձր որակավորմամբ նեյրովիրաբույժ, այնինչ մեթոդը հիվանդներին օրերով հետեւելու հնարավորություն չի տալիս: Գիտնականի խոսքով, այդ առումով անհնար է գերագնահատել ՆԳՃ-ի չափման այնպիսի ոչ ինվազիվ սարքերի նշանակությունը, ինչպիսին է HS-1000-ն:
Ինչպես պարզաբանում են նախագծողները, ներկայումս իրենք աշխատում են, որպեսզի սարքը ոչ միայն չափի ներգանգային ճնշումը, այլեւ որոշ վիճակներ ախտորոշի: Մասնավորապես, առկա է արդյոք վազոսպազմ կամ ուղեղի անոթների անեւրիզմ: «Մեր սարքի օգտագործման երրորդ կարեւոր ուղղությունը ուղեղի կաթվածների տեսակների ախտորոշումն է` իշեմիկ թե հեմորագիկ: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է նրանից, թե ուղեղի ինչ կաթվածի հետ գործ ունենք», - ասում է Ալեքսանդրա Լեւինսկին` հավելելով, որ իրենց սարքի այդ գործառույթը հատկապես պետք կգա առաջին բուժօգնություն տրամադրելու համար, երբ անհրաժեշտ կլինի արագ ախտորոշել ուղեղի կաթվածի բնույթը համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար: HS-1000 –ի ապագա այլ կիրառություններն են ուղեղի ցնցման աստիճանի որոշումը եւ գանգուղեղային վնասվածքների ծանրության աստիճանի գնահատումը: Սարքը կարող է օգտագործվել նաեւ սքրինինգային ծրագրերում:
Ալեքսանդր Խաչունցը եւս նշում է, որ տվյալ մեթոդի կիրառության սպեկտրը կարող է շատ լայն լինել: Բայց, նրա խոսքով, նույնիսկ եթե այդ սարքն ընդամենը հնարավորություն տա որոշելու` պետք է, թե ոչ դիմել բժշկի, դա արդեն շատ արժեքավոր կլինի:
«Որովհետեւ մեթոդը շատ պարզ է, որակյալ բուժանձնակազմի ներգրավում չի պահանջում, կարելի է տնային պայմաններում օգտագործման նորմալ ինստրւկցիա գրել: Իսկ դա նոր հեռանկարներ է ստեղծում. սարքի ցուցմունքները կարելի է համացանցով ուղարկել բժշկին եւ այդ տվյալների հիման վրա ընտանեկան բժիշկը առանց հիվանդի այցելության կարող է հիվանդի «հեռակա» կոնսուլտացիա անցկացնել», - ասում է նա:
Իսկ վերջում Սուրիկ Պապյանը զվարճալի դեպք է պատմում, թե ինչպես քիչ էր մնում իրեն լրտեսի տեղ դնեին երեւանյան օդանավակայանում, երբ Երեւան հերթական այցից հետո իր HS-1000-ի համար պլատաների եւ միկրոֆոնների հավաքածու էր տանում: Միկրոֆոնները մաքսատան աշխատակիցների մոտ բարձր հետաքրքրություն են առաջացրել, իսկ երբ պատասխանելով նրանց հարցին, թե ինչի են պետք այդ միկրոֆոնները, ասել է, թե ուղեղն է լսում, նրանցից մեկը զարմացած հարցրել է. «Մի՞թե հնարավոր է ուղեղը լսել»: Մաքսատան աշխատողը ներողություն է խնդրել եւ կանչել է իր վերադասին, ինչպես պատկերավոր նկարագրում է Պապյանը, ավելի թանկարժեք կոստյումով մի մարդու: Ինքն արդեն պատրաստվել էր, որ ոչ մի տեղ էլ չի թռչելու: Սակայն ավելի թանկարժեք կոստյումով մարդը բարեհոգաբար էր տրամադրված եւ գնահատել է հայրենակցի ձեռքբերումները, բայց խնդրել է հաջորդ անգամ միկրոֆոնների հետ ուղեկցող փաստաթուղթ ունենալ:
Սուրիկ Պապյանը, Ալեքսանդրա Լեւինսկին, Արմեն Ղազարյանը եւ Ալեքսանդր Խաչունցը Հայաստանի երկրաբանական թանգարանում