Գիտնականները գրիպի համար հատուկ հյուսվածք-թակարդ են ստեղծել

22:46   22 մարտի, 2016

Մանչեսթերի համալսարանի գիտնականները այսպես կոչված «գրիպի թակարդներ» են ստեղծել, որոնք նախատեսված են դեմքի դիմակների եւ օդային ֆիլտրերի համար: 

Թակարդները կանխարգելում են գրիպի վիրուսի համաճարակի զարգացումը: Դրանք կազմված են հատուկ հյուսվածքից, որն ի վիճակի է մեկուսացնել վիրուսային մասնիկները: Ակնկալվում է, որ տվյալ տեխնոլոգիան շատ շուտով կհայտնվի շուկայում: 

Հյուսվածքը ճշտորեն կրկնում է կերակրափողը եւ շնչուղիները ծածկող բջիջների մակերեւույթի ածխաջրային կառուցվածքը: Դա կանխարգելման լիովին նոր մոտեցում է, որն ի վիճակի է էականորեն ազդել գրիպի վիրուսի տարածման ծավալի վրա: Տվյալ տեխնոլոգիան հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ գիտնականները շաքարի գլիկոպրոտեինները ածխաջրային հյուսվածքին միացնելու  միջոց են հայտնաբերել: 

Դրանից հետո հայտնաբերվել է նույն գլիկոպրոտեինները պակաս թանկարժեք նյութերի, ներառյալ բամբակին միացնելու միջոց: Գիտնականները պարզել են, որ կարելի է արդյունավետորեն որսալ եւ պահել գրիպի վիրուսի մոլեկուլների 99 տոկոսը, որոնք շփման մեջ են մտնում հյուսվածքի հետ: Խումբը հույս ունի հետագայում այնպիսի տեխնոլոգիա մշակել, որի օգնությամբ հնարավոր կլինի որսալ նաեւ այլ վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի  (MERS), ինչպես նաեւ SARS վիրուսները:

Տվյալ հայտնագործությունը հատկապես այժմեական է` հաշվի առնելով այն, որ գիտությունը SARS-ին նման նոր վիրուսի բռնկում է ակնկալում: WIV1-CoV անվանումը ստացած վիրուսը մարդու օրգանիզմում նույն ծանր հետեւանքներն է առաջ բերում, ինչ   SARS-ը` սկսվելով գրիպից եւ արագ հանգեցնելով թոքաբորբի:



© NEWS.am Medicine