Տարվա եղանակների փոփոխությունը չի ազդում դեպրեսիայի վրա

01:55   24 մարտի, 2016

Օբերնի համալսարանի հոգեբանների հետազոտությունը կապ չի հայտնաբերել մեծ դեպրեսիվ խանգարման ախտանիշների եւ ձմեռվա գալուստի միջեւ: 

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կողմից 18-ից 99 տարեկան  34 հազար ամերիկացու շրջանում անցկացված հարցման արդյունքները: Նրանք ձգտում էին պարզել, թե  սեզոնային դեպրեսիան ինչպես է ազդում մեծ դեպրեսիվ խանգարման վրա, բայց ապացույց չեն գտել, թե այն ընդհանրապես  որեւէ ազդեցություն է ունենում: Այլ խոսքով, «ձմռանը մարդը կարող է դեպրեսիա ապրել, բայց պարտադիր չէ, որ դա լինի հենց ձմռան պատճառով»:

Վերջին տարիներին սեզոնային դեպրեսիան (կամ սեզոնային աֆեկտային խանգարումը), որը կապում են ձմռան գալուստի հետ, գնալով ավելի մեծ թերահավատություն է առաջ բերում գիտնականների շրջանում: 2013-ին Օրեգոն նահանգի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ մարդիկ հաճախ գերագնահատում են տրամադրության վրա ձմեռային եղանակի ազդեցությունը: 

Նրանք չեն հերքում խանգարման գոյությունը, բայց համարում են, որ այդ ախտորոշումը չափազանց հաճախ են տալիս: Իրենց հետազոտությունում նրանք մատնանշում են, որ շատ մարդիկ գիտեն սեզոնային դեպրեսիայի գոյության մասին եւ ուղղակի չեն սիրում ձմեռային եղանակը, մինչդեռ եղանակը սոսկ աննշան ազդեցություն է ունենում:



© NEWS.am Medicine