• Latest news

Դեռահասներին պետք է օրենքով արգելել հաճախել սոլյարի. ամերիկացի ուռուցքաբան

21 հուլիսի, 2016  18:19

18 տարեկանից փոքր դեռահասներին պետք է օրենքով արգելել հաճախել սոլյարի. դա կօգնի նրանցից շատերին պաշտպանել մաշկի քաղցկեղի ամենատարածված տարատեսակներից մեկից՝ մելանոմայից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց հայտնի ուռուցքաբան, մելանոմայի մասնագետ Ագոպ Բեդիկյանը (ԱՄՆ):

Մասնագետի խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են մեր բջիջների համար եւ վնասում են դրանք: Մաշկի առողջ բջիջները  այդպիսի վնասվածքներից հետո վերականգնվում են, իսկ այն բջիջները, որոնք հետո կդառնան մելանոմա, ոչ: Ամեն անգամ, երբ այդ բջիջների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթներ են ընկնում, դրանց վնասվածքը խորանում է, ինչն էլ հանգեցնում է մելանոմայի զարգացման:

Հենց այս պատճառով էլ արեւահարումը համարվում է այս հիվանդության առաջացման հավանականության կարեւորագույն  գործոններից մեկը, իսկ սոլյարին, մասնագետներից շատերի կարծիքով, սովորական արեւահարումից շատ ավելի վտանգավոր է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելի մեծ խտության պատճառով:

Ագոպ Բեդիկյանը նաեւ հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց. այսօր մելանոման առավել տարածված է երիտասարդ կանանց եւ տարեց տղամարդկանց շրջանում, վերջիններն իրենց կյանքի ընթացքում շատ ժամեր են անցկացրել արեւի տակ՝ չծածկվելով եւ ոչինչ չանելով մաշկը պաշտպանելու համար, իսկ երիտասարդ կանայք դեռահասության շրջանում հաճախել են սոլյարի:

Հենց այդ պատճառով էլ մասնագետը կարծում է, որ դեռահասներին չի կարելի թողնել սոլյարի: Իհարկե, այն վնասակար է ցանկացած տարիքում, բայց հույս կա, որ չափահաս կինն իր արտաքինի եւ առողջության վերաբերյալ կընդունի ավելի գիտակցված եւ ճիշտ որոշումներ, իսկ դեռահասները արեւահարման վտանգի վերաբերյալ բավարար տեղեկացված չլինելով եւ չմտածելով դրա հետեւանքների մասին, պարզապես որոշում են, որ ցանկանում են արեւահարվել՝ երկար ժամանակ անցկացնելով սոլյարիներում, ինչը հետագայում զգալիորեն մեծացնում է նրանց մոտ մելանոմայի եւ քաղցկեղի շատ այլ տեսակների առաջացման հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ եթե օրենսդրությամբ արգելվի գոնե մինչեւ 18 տարեկան դեռահասներին հաճախել սոլյարի, ապա դա կօգնի զգալիորեն նվազեցնել երիտասարդ կանանց շրջանում մելանոմայով հիվանդացածությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել