• Latest news

Ինչո՞ւ ամռանը խաշ չեն ուտում

7 օգոստոսի, 2016  15:06

Տավարի ոտքերից պատրաստվող խաշը դարեր շարունակ ամբողջ աշխարհում հայերի շատ սիրելի կերակուրն է եղել: Ավանդաբար խաշը «ձմեռային ճաշատեսակ» է համարվում, ամռանն այն սովորաբար չեն ուտում: Ինչո՞ւ: NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Մասնագետի կարծիքով՝ ամռանը խաշ չեն ուտում մի քանի պատճառներով.

1. Ավանդույթներ

Հայաստանի գյուղական բնակավայրերում ամառվա ամիսներին ընդունված չէ կենդանու մորթ անել: Ամռանը եւ՛ մարդկանց, եւ՛ կենդանիների համար բնության կողմից նվիրաբերված մեծ թվով «ձրի» սնունդ կա, ուստի գյուղացիներին ավելի հեշտ է կենդանիներին կերակրել եւ մեծացնել, իսկ իրենք սնվում են բանջարեղենով եւ մրգերով:

Միայն աշնանը եւ ձմռանն է սկսվում կենդանիների սպանդը, եւ խաշ պատրաստելու հնարավորություն է առաջանում:

2. Շոգ

Խաշը ծանր ուտելիք է: Գաստրոէնտերոլոգի պարզաբանմամբ՝ խաշն ինքնին մարդու օրգանիզմի կողմից չի յուրացվում. Չէ՞ որ այն հիմնականում կազմված է, այսպես կոչված, ոսկրանյութից (կոլագեն), որը ստացվում է ոսկրը եռացնելու հետեւանքով: Իսկ մարդկանց մոտ (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկոր են ուտում) բացակայում են ոսկրանյութը յուրացնող ֆերմենտները: Սակայն խաշը կալորիական կամ ծանր է դարձնում հացը կամ լավաշը, որը մարդիկ առատորեն ավելացնում են ճաշատեսակին:

Շոգին, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի, մարդու ախորժակն ընկնում է, եւ մարսողական համակարգը այդպիսի ծանր կերակուրը մարսելուն հակված չէ: Այդ պատճառով ամռանն, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում նախապատվություն տալ առավել թեթեւ մթերքին, օրինակ՝ մրգերին եւ բանջարեղենին, այլ ոչ խաշին:

3. Սխտոր

Սխտորը, որն ավանդաբար ավելացվում է խաշին, նույնպես ամռան համար այս ճաշատեսակի օգտագործումն «անհարմար» է դարձնում: Հավանաբար նկատել եք, որ սխտոր ուտելու նույնիսկ հաջորդ օրը մարդու շնչառության մեջ սխտորի հոտն զգացվում է:

Հայկ Մանասյանի պարզաբանմամբ՝ սխտորի մեջ պարունակվող նյութերը ներծծվում են աղիների մեջ, անցնում են արյան մեջ, որի միջոցով  ընկնում են թոքերի մեջ, այդ պատճառով սխտորի բույրն արդեն ոչ թե մարդու բերանից կամ ստամոքսից է գալիս, այլ թոքերից արտաշնչվող օդից:

Դրանից բացի, ամռանը մարդը շատ է քրտնում, եւ նրա քրտինքը, եթե խաշ է կերել կամ սխտոր պարունակող այլ ճաշատեսակ, երկար սխտոր կբուրի: Ամռանը դա ավելի նկատելի եւ տհաճ կլինի, քան ձմռանը: Այդ պատճառով ամռանը խորհուրդ չի տրվում ուտել շատ կծու, սխտոր պարունակող կերակուր:

4. Էներգիա

Ձմռանը մարդն ավելի շատ էներգիա է ծախսում, ուստի սովորաբար խաշի հետ ուտվող հացից/լավաշից ստացած կալորիաները ավելի հեշտ է ծախսում: Ամռանը այդ ավելորդ կալորիաները կարող են վերափոխվել ավելորդ ճարպաշերտի:

Ի՞նչ կլինի, եթե մարդն ամռանը, այնուամենայնիվ, խաշ ուտի: Խնդիրներ կունենա՞:

Եթե մարդն առողջ է եւ մարսողության խնդիրներ չունի, նա կկարողանա յուրացնել ցանկացած ուտելիք, այդ թվում՝ տարվա ցանկացած եղանակին խաշը: Եթե ծանր ուտեստից հետո նրա ստամոքսում նույնիսկ ծանրության զգացում լինի, այն արագ կանցնի:

Սակայն եթե մարդու մարսողական համակարգը թույլ է, կամ նա ինչ-որ հիվանդություն ունի, պարտադիր չէ գաստրոենտերոլոգիական, այլ օրինակ՝ էնդոկրինային կամ սիրթ-անոթային, ապա ամռանը ծանր կերակուրը կարող է նրա ինքնազգացողությունը վատացնել եւ անգամ նրա հիվանդության սրացում առաջացնել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է