Սյու Վեստհեդի մոտ, որն այժմ 68 տարեկան է, 1970-ականներին երիկամների հիվանդություն էր ախտորոշվել: Աղջկա վիճակը մտավախություններ էր առաջացրել, նրա սեփական օրգանները գործում էին ընդամենը մեկ տասներորդ չափով եւ բժիշկները երիկամի փոխպատվաստման որոշում կայացրին: Դոնոր դարձավ Սյուի մայրը: Էննը (Ann) 57 տարեկան էր: Վիրահատությունը տեղի ունեցավ Նյուկասլում` Վիկտորիա Թագուհու բուժարանում (Newcastle’s Royal Victoria Infirmary) 1973 թվականի նոյեմբերին: Այժմ երիկամի տարիքն արդեն հարյուր տարվա է հասել, բայց այն դեռեւս աշխատում է:
Նախկին հիվանդը պատմել է, որ վիրահատության պահին նա իրեն շատ վատ էր զգում, մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում եւ լրիվ դեղնել էր: Սյուի խոսքով, նրա մայրն իրեն երկրորդ անգամ կյանք է տվել: «Դա բավականին սարսափելի ժամանակ էր: Ես պառկած էի պալատում եւ մարդիկ իմ շուրջը մահանում էին: Ես մտածում էի, որ երջանիկ կլինեմ, եթե եւս հինգ տարի ապրեմ: Դա 43 տարի առաջ էր, եւ իմ երիկամը նոյեմբերին 101 տարեկան կդառնա, հավելել է նա: Կարծում եմ` դա մորս լավ գեների շնորհիվ է»:
Վիրահատական միջամտությունից հետո բժիշկներն ընտանիքին հայտնել են, որ փոխպատվաստված երիկամն առավելագույնը 20 տարի կաշխատի, հետո կրկնակի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի: Սակայն օրգանը մինչ այժմ գործում է գուցե նաեւ այն պատճառով, որ դրա տերն անշեղորեն հետեւել է բժիշկների հրահանգներին եւ օրական 20-ական դեղահաբ է ընդունել երիկամի պոկումից խուսափելու համար:
Պրոֆեսոր Դերեք Մանասը, որը Փոխպատվաստման բրիտանական ընկերակցության (British Transplantation Society) նախագահն է, հայտնել է, որ Սյուի դեպքը հույս է տալիս այն հիվանդներին, որոնց այժմ դիալիզ են անում եւ կարող է այլ մարդկանց ոգեշնչել կյանքի ընթացքում դոնոր դառնալ կամ միանալ Օրգանների դոնորների ռեգիստրին:
Հարյուրամյա երիկամով կինը կարող էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն, ցավոք սրտի, փոխպատվաստման պաշտոնական արձանագրություններ չեն մնացել: Որպես ռեկորդ, օրինակ, 2013 թվին գրանցվել է Ջոն ՄակԿաֆֆերտիի (John McCafferty) դեպքը, որը 1982 թվականին սրտի փոխպատվաստման վիրահատություն է տարել: Նրան խոստացել են, որ նա եւս 5 տարի կապրի, սակայն 44 տարեկանի փոխարեն, նա մահացել է 73 տարեկանում ( 2016 թվականի փետրվարին):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր