• Latest news

Երեւանում բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների գործարան (ֆոտո)

14 մարտի, 2014  19:10

Երեւանում մարտի 14-ին բացվեց «Մեգա Մեդ»  ընկերության մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանը։ Բացման արարողությանը ներկա էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ գործարանը օծեց Հայ Առաքելական եկեղեցու Նոր-նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս  Ներսիսյանը։

Ինչպես լրագրողներին ներկայացրեց գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը, արտադրությունը բաղկացած է լինելու երեք փուլից, իսկ այսօր գործարկվում է առաջին փուլը՝ բժշկական մի քանի տեսակի ասեղների, ներարկիչների, ինսուլինային գրիչների ասեղների, արյան հավաքման վակուումային ու կաթիլային համակարգերի արտադրությունը։

«Գործարանի ողջ արտադրանքը համապատասխանում է եւրոպական GMP ստանդարտներին, ինչը մեզ հնարավորություն կտա եւ արտահանել մեր արտադրանքը, եւ օգտագործել ներքին կարիքների համար», - ասաց նա։ Արտադրություն ծավալները հետեւյալն են՝ ներարկիչները՝ մոտ 14 միլիոն հատ ամսական, ասեղները՝  մինչեւ 32 միլիոն, ինսուլինի ասեղները՝ 12-14 միլիոն, արյան սրվակները՝12-14  միլիոն։

Նա նշեց, որ մինչեւ մայիսի վերջ գործարանը կհամալրվի 400 աշխատակցով, ընդգծելով նաեւ, որ շատ դժվար է որակյալ մասնագետներ գտնել։ Միջին աշխատավարձը գործարանում կկազմի 150-160  հազար դրամ։

Երկրորդ փուլում՝ այս տարվա երկրորդ կեսին, ըստ տնօրենի, աշխատատեղերը կկրկնապատկվեն, իսկ երրորդ փուլում, 2015 թվականին, կներդրվի նաեւ դեղագործական արտադրություն։

Տնօրենը նաեւ հայտնեց, որ անմիջապես  բացումից հետո նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր մի քանի երկրների հետ։ Ավելի ուշ պարզվեց, որ հայաստանյան արտադրանքով հետաքրքրված են մի շարք աֆրիկյան երկրներ, որոնց ներկայացուցիչներն էլ ներկա էին բացման արարողությանը։

Արտադրական հոսքերը ներմուծվել են մի քանի երկրից, այդ թվում եւ Կորեայից, եւ այսօր հրավիրված կորեացի մասնագետները գործարկեցին այդ հոսքերը, տալով առաջին արտադրանքը։ Ամբողջ հզորությամբ արտադրությունը կսկսի գործել մարտի 15-ից։

Բացման խոսքում Ժիրայր Հեպոյանը նշեց, որ այս արտադրությունը իր տեխնոլոգիական հնարավորություններով եւ իննովացիաներով եզակի է տարածաշրջանում, եւ մրցունակ արտերկրի համանման ընկերությունների շարքում։ Նա նաեւ նշեց, որ նորակառույց գործարանը կունենա «շատ մեծ ռազմավարական դեր եւ նշանակություն Հայաստանի հանրապետության եւ պետականության ամրապնդման գործընթացում»։

«Մեգա Մեդ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Նրա միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը, որի շրջանառությունը 2013 թվականին կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ «Աֆինա Պալլադա»-ի ղեկավարն է մեր հայրենակից Հայկ Մաղաքելյանը։

Բաժնետիրոջ կողմից մինչ այսօր իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու համար ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար։

Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1,2 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է