• Latest news

Առաջին դասարան` առանց սթրեսի. ինչպես երեխային օգնել նախապատրաստվել դպրոցին

29 օգոստոսի, 2016  16:33

Առաջին դասարան գնալը սովորաբար լուրջ սթրես է յուրաքանչյուր երեխայի համար, չէ որ նրա կյանքն արմատապես փոխվում է. նախկինում նա կարող էր ամբողջ օրն անել այն ամենը, ինչ ուզում էր, իսկ այժմ ստիպված կլինի հարմարվել նոր ռեժիմին, արթնանալ միեւնույն ժամին, դասերին լսել ուսուցիչներին` շատ ժամանակ տրամադրելով դասերին եւ անհամեմատ ավելի քիչ` խաղերին: Ինչպես երեխային օգնել հաղթահարել առաջին դասարան գնալու հետ կապված սթրեսը: Այդ մասին խորհուրդներ է տվել հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: 

Դպրոցին երեխայի նախապատրաստության գործում, մասնագետի խոսքով, մեծ դեր են խաղում նրա ծնողները: Ցանկալի է, որ ուսումնական տարվա սկզբից մեկ-երկու ամիս առաջ նրանք սկսեն երեխային պատմել, թե նրան ինչ է սպասում դպրոցում, ցույց տան դպրոցի շենքը, տետրերը եւ գրքերը: Օգտակար կլինի նաեւ երեխայի շփումը տարիքով ավելի մեծ երեխաների հետ, որոնք հաճույքով դպրոց են գնում եւ պատրաստ են նրան պատմել այդ մասին:   Իրենք` ծնողները եւս կարող են հիշողություններ պատմել այն մասին, թե ինչպես է անցել դպրոցում իրենց առաջին օրը:   

Որոշ ծնողներ շատ են ուզում, որ իրենց երեխաներն անմիջապես հարմարվեն դպրոցին եւ սկսեն լավ սովորել: Սակայն չարժե չափազանց շատ բան պահանջել  երեխաներից, ինչպես նաեւ չարժե նախատել նրանց, եթե ինչ-որ բան լավ չի ստացվում, զգուշացնում է հոգեբանը:  Երեխային ժամանակ է անհրաժեշտ նոր կյանքին հարմարվելու համար, չարժե ճնշել նրան:   Որոշ երեխաների մոտ դպրոցին հարմարվելու գործընթացն ընդամենը 2 շաբաթ է տեւում, մյուսների մոտ` 2-4 ամիս, առանձնահատուկ ծանր դեպքերում` կես տարի: Այդ ամբողջ ընթացքում (ինչպես նաեւ` դրանից հետո) անհրաժեշտ է աջակցել երեխային եւ խրախուսել, եւ ամեն ինչ աստիճանաբար կսկսի կարգավորվել: 

Հոգեբանը նշել է, որ չարժե նաեւ երեխային անմիջապես կտրել խաղերից եւ նրան ստիպել ամբողջ ժամանակը ուսմանը նվիրել, թող խաղա պարապմունքների միջեւ դադարների ընթացքում. այդպես նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի հարմարվել դպրոցին եւ նոր կյանքին: Չարժե նաեւ նրան ստիպել, որ սովորի, չէ որ երեխան այդպես կարող է ատել ուսումը: Ցանկալի է այնպես անել, որ երեխան հասկանա, որ սովորելը եւս հետաքրքիր է: 

Մասնագետը նշել է, որ լավ միտք է երեխայի դպրոցական նոր ընկերներին տուն հրավիրելը, որպեսզի նրանք տնական հանգիստ միջավայրում շփվելու հնարավորություն ունենան. դա հավանաբար կամրապնդի նրանց ընկերությունը եւ նրանք ավելի հաճույքով դպրոց կգնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է