• Latest news

Ինչպե՞ս պահպանել ուղեղի անոթների առողջությունը

4 հոկտեմբերի, 2016  23:01

Ցանկացած կաթված գլխուղեղի անոթների վնասման հետեւանք է. իշեմիկ ինսուլտի ժամանակ անոթը խցանվում է թրոմբով, ինչի հետեւանքով խաթարվում է ուղեղի արյան մատակարարումը, իսկ հեմոռագիկ կաթվածի դեպքում անոթը վնասվում կամ պատռվում է, եւ տեղի է ունենում արյունազեղում:

Կենսակերպի մի քանի պարզ փոփոխություններ կարող են օգնել պահպանել գլխուղեղը սնուցող անոթների առողջությունը եւ այդպիսով կանխել ինչպես կաթվածը, այնպես էլ հիվանդությունների մի ամբողջ շարք: Թե հատկապես ինչ է դրա համար հարկավոր, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Էրեբունի» ԲԿ Ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը:

1. Դիաբետը վերահսկելը

Որոշ հիվանդություններ վնասում եւ թուլացնում են բոլոր, այդ թվում՝ ուղեղը սնուցող անոթները։ Այդ հիվանդություններից առաջինը շաքարային դիաբետն է: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը բացասաբար է ազդում անոթների պատերի վրա եւ դրանք դարձնում խոցելի` մեծացնելով ինսուլտի, ինֆարկտի եւ շատ այլ հիվանդությունների հասունացման վտանգը:

2. Հիպերտոնիան վերահսկելը

Զարկերակային հիպերտենզիան համարվում է կաթված հարուցող գլխավոր գործոններից մեկը. կաթված ստացած հիվանդների մոտ 90%-ը տառապում է հիպերտենզիայով: Ավելին, այդ հիվանդների մեծ մասը չի հասկացել խնդրի լրջությունը եւ ոչինչ չի ձեռնարկել՝ բարձր ճնշումը կարգավորելու համար:

Կան հիվանդներ, որոնք բժիշկներին խոստովանել են, որ իրենց սովորական ճնշումը 180/100 է, բայց որեւէ դեղ չեն ընդունում, քանի որ իրենց լավ են զգում նույնիսկ այդ ճնշմամբ: Մինչդեռ բարձր ճնշումը վտանգավոր է անոթների համար, իսկ լավ ինքնազգացողությունը եւ ցավի բացակայությունը իրականում չեն նշանակում, թե հիվանդին ոչինչ չի սպառնում:

3. Ծխելուց հրաժարվելը

Ծխելը, ինչպես նշեց Դավիթ Սահակյանը, աթերոսկլերոտիկ վնասվածքների եւ անեւրիզմի առաջացման ռիսկի ապացուցված գործոն է: Բացի այդ, ծխելը նվազեցնում է բուժման արդյունավետությունը կաթվածից հետո եւ մեծացնում  կրկնակի կաթվածի վտանգը. ծխողի օրգանիզմն ավելի արագ «շարքից դուրս կգա», քան բժիշկները կհասցնեն կազդուրել այն:

Ցավոք, այսօր ծխելը լայնորեն տարածված է Հայաստանում, եւ բժիշկների զգուշացումները շատերն անտեսում են:

4. Քաշը եւ նյութափոխանակությունը վերահսկելը

Ավելորդ քաշը եւս կարող է համարվել կաթված հարուցող ռիսկի գործոն, քանի որ ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը հաճախ բարձր է լինում, իսկ նյութափոխանակությունը` խախտված: Այդ պատճառով խորհուրդ է տրվում քաշը պահպանել նորմայի սահմանում:

5. Ֆիզիկական ակտիվությունը

Սակավաշարժ կենսակերպը բացասաբար է ազդում գլխուղեղի անոթների առողջության վրա, իսկ սպորտը, ընդհակառակը, օգտակար է, իհարկե չափավոր զբաղվելու եւ գերջանադիր չլինելու դեպքում: Մասնավորապես, սպորտի բոլոր տեսակները, որոնք օգնում են պահպանել նորմալ քաշը եւ առողջությունը, օգտակար են նաեւ ուղեղի անոթների համար. դրանք են լողը, վազքը, մարմնամարզությունը, պիլատեսը, շեյփինգը, չափավոր ուժային վարժությունները:

Սպորտով զբաղվելը, ինչպես նշեց Դավիթ Սահակյանը, օգտակար է նույնիսկ կաթվածից հետո, այդ պատճառով էլ մասնագետները փորձում են հնարավորին արագ ոտքի հանել կաթված տարած հիվանդներին:

Հիշեցնենք, որ կաթվածի առաջին նշաններն են խոսքի, զգայունության եւ շարժումների խանգարումները, վերջույթների անզգայացումը (հաճախ՝ մարմնի մի կողմում): Այդ ախտանիշների դեպքում պետք չէ նստել ու սպասել` հույսով, թե ամեն ինչ կանցնի, անհրաժեշտ է շտապ դիմել մասնագիտական օգնության, որովհետեւ որքան արագ այն ցուցաբերվի, այնքան մեծ կլինի ապաքինման հնարավորությունը:

էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ աշխատում է Դավիթ Սահակյանը, կան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած տեսակի կաթվածով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար. շուրջօրյա աշխատում են նեւրոպաթոլոգիայի եւ վերակենդանացման բաժինները, ներանոթային նեյրովիրաբուժության, ընդհանուր նեյրովիրաբուժության եւ անոթային վիրաբուժության ծառայությունները, որոնք հիվանդին կարող են առաջարկել կաթվածների բուժման ժամանակակից եղանակներ` ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել