• Latest news

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում. ի՞նչ է այն եւ ու՞մ է հարկավոր

16 հոկտեմբերի, 2016  11:35

Հիստերոսկոպիան ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգների զինանոցում կարեւոր գործիք է, որի օգնությամբ կարելի է կատարել արգանդի խոռոչի նվազ ինվազիվ հետազոտություններ եւ ախտորոշել եւ հեռացնել կնոջ հղիանալուն խանգարող մի շարք պաթոլոգիաներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը եւ մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Գյոզալյանը օգնեցին NEWS.am Medicine-ի թղթակցին հասկանալու, թե ինչ է հիստերոսկոպիան, որ իրավիճակներում է կիրառվում եւ արդյոք այն վտանգավոր է:

Ե՞րբ է կիրառվում հիստերոսկոպիա

Ախտորոշում: Այսօր արգանդի շատ հիվանդություններ եւ պաթոլոգիաներ կարելի է ախտորոշել գերձայնային հետազոտությամբ, սակայն որոշ դեպքերում վերջնական ախտորոշումը հնարավոր է միայն հիստերոսկոպիկ զննումից հետո: Դրա օգնությամբ կարելի է ախտորոշել պոլիպներ, միոմաներ, զարգացման արատներ, կպումներ, սերտաճումներ եւ այլ խնդիրներ, որոնք խանգարում են կնոջը հղիանալ:

Ենթալորձաթաղանթային միոմատոզ հանգույցներ: Կնոջ արգանդի մի քանի տիպի միոմաներ կարելի է հեռացնել հիստերոռեզեկտոսկոպի օգնությամբ` հատուկ սարքի, որը արգանդի վզիկով մտցվում է արգանդ: Բուն արգանդը նման վիրահատության արդյունքում պահպանվում է, ինչը հատկապես կարեւոր է վերարտադրողական տարիքի կանանց համար:

Արգանդի խոռոչի զարգացման արատներ: Արգանդի զարգացման որոշ արատներ եւս, որոնք հանգեցնում են անպտղության, կարող են հեռացվել հիստերոսկոպիայի միջոցով: Գայանե Գյոզալյանը հիշեց մի հետաքրքիր դեպք. Երիտասարդ կինն ուներ ներարգանդային միջնապատ, որն արգանդը բաժանում էր երկու մասի: Այս պաթոլոգիայի պատճառով նա մի քանի անգամ վիժել էր: «Էրեբունիի» մասնագետները հիստերոռեզեսկոպիայի օգնությամբ հեռացրին միջնապատը, որն օգնեց վերականգնելու կնոջ պտղունակությունը:

Ներարգանդային կպումներ եւ սերտաճումներ: Որոշ պրոցեդուրաներից հետո (օրինակ, աբորտից, քերումից) արգանդում կարող են առաջանալ կպումներ, որոնց հետեւանքով կնոջ մոտ կարող են դաշտանային ցիկլի խանգարումներ եւ անպտղություն զարգանալ: Հիստերոսկոպիկ միջամտության օգնությամբ հնարավոր է ազատվել այդ կպումներից: «Էրեբունիի» մանկաբարձ-գինեկոլոգները հիշում են բազմաթիվ դեպքեր, երբ նման միջամտությունից հետո անպտղությամբ տառապող կանայք վերջապես հղիացել են:

Պոլիպներ: Անցյալում արգանդի խոռոչի պոլիպները հեռացվում էին «կույր» քերման միջոցով, սակայն ժամանակակից հիստերոսկոպները մասնագետին հնարավորություն են տալիս պրոցեդուրայի ընթացքում տեսնել արգանդի ամբողջ խոռոչը եւ հեռացնել միայն պոլիպն իր ոտիկով` չվնասելով արգանդի լորձաթաղանթը: «Էրեբունիում» եղել են պացիենտներ, որոնք պոլիպը հեռացնելուց հետո մտադիր էին ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) անել, բայց պրոցեդուրայից արդեն մեկ ամիս անց ինքնուրույն հղիացել են:

Ինչպես նշեց Գայանե Գյոզալյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիստերոռեզեկտոսկոպի կիրառությամբ առավել հաճախ կատարվող պրոցեդուրան միոմաների եւ պոլիպների հեռացումն է. բուժկենտրոնի մասնագետներն ամեն ամիս կատարում են մոտ 30-40 այդպիսի վիրահատություն:

Ինչպե՞ս է արվում հիստերոսկոպիան

Հիստերոսկոպը, որն ունի հեղուկներ ցայտող ստերիլ համակարգ, տեսախցիկ եւ լույսի հատուկ աղբյուր, հեշտոցի եւ արգանդի վզիկի միջով մտցվում է արգանդի խոռոչ: Տեսադաշտը ավելի մեծ եւ տեսանելի դարձնելու նպատակով արգանդի խոռոչ է ներմուծվում ստերիլ ֆիզլուծույթ:

Տեսախցիկից ստացված պատկերն արտացոլվում է էկրանին, եւ մասնագետները հնարավորություն են ստանում մանրամասնորեն զննելու արգանդի խոռոչը, վզիկը, արգանդային խողովակների ելանցքը եւ կատարել անսխալ ախտորոշում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ վիրահատություն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատությունները կատարվում են ամենաարդիական երկբևեռ (բիպոլյար) հիստերոռեզեկտոսկոպով:

Հիստերոսկոպի կիրառմամբ ախտորոշիչ միջամտությունները տեւում են սովորաբար 10-15 րոպե, վիրահատականները՝ 30-40 րոպե: Միջամտությունների կարճ տեւողությունը նվազեցնում է բարդությունների առաջացման վտանգը: Ավելին, միջամտությունից հետո հիվանդը նույն օրը, կամ ամենաուշը հաջորդ օրը դուրս է գրվում:

Ցավազրկումը հիստերոսկոպիայի ժամանակ

Կարճատեւ վիրահատությունների ժամանակ սովորաբար կիրառում են ներերակային ցավազրկում: Ավելի երկարատեւ միջամտությունների ժամանակ կիրառում են ռեգիոնալ ցավազրկում (սպինալ), իսկ երբ հիստերեսկոպիան զուգակցվում է լապարասկոպիայի հետ, ցուցված է էնդոտրախեալ ցավազրկում:

Ամբուլատոր հիստերոսկոպիա

Կա նաեւ այսպիսի հասկացողություն՝ ամբուլատոր հիստերոսկոպիա, որն այսօր լայնորեն կիրառվում է ախտորոշիչ նպատակով. Այս պրոցեդուրայի ժամանակ, ինչպես բացատրեցին «էրեբունու» մասնագետները, օգտագործվում է շատ փոքր տրամագծով (5մմ) հիստերոսկոպ, որի հիմնական առավելությունն այն է, որ այն կարելի է օգտագործել առանց ցավազրկման, իսկ միջամտությունից անմիջապես հետո կինը կարող է վերադառնալ իր ամենօրյա գործերին:

Ամբուլատոր հիստերոսկոպիան հաճախ կիրառվում է նախքան ԱՄԲ-ն, որպեսզի բացառվեն արգանդի խոռոչի պաթոլոգիաները նախքան էմբրիոնը տեղադրելը:

Ի՞նչ բարդություններ կարող են լինել հիստերոսկոպիայի ժամանակ

Լուրջ բարդությունները հիստերոսկոպիայի ժամանակ հազվադեպ են հանդիպում,բայց դրանց մասին պետք է իմանալ:

Բարդությունները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝

1. Վիրաբուժական

2. Անեսթեզիոլոգիական

3. Բարդություններ կապված արգանդի խոռոչի լայնացման հետ

Վիրաբուժական բարդություններից ամենահաճախ հանդիպողը դա արգանդի ծակումն է (պերֆորացիա), որի ժամանակ կարող են վնասվել աղիքը, մեծ անոթներ եւ միզապարկը: Վիրաբուժական հիստերոսկոպիայի ընթացքում պերֆորացիան հեշտ է ախտորոշել, քանի որ ներարգանդային ճնշումը կտրուկ ընկնում է ի հաշիվ հեղուկի արտահոսքի դեպի որովայնի խոռոչ,տեսանելիությունը կտրուկ վատանում է:

Վիրաբուժական բարդություններին են վերաբերվում նաև արյունահոսությունը,ինֆեկցիոն բարդությունները:

Անեստեզիոլոգիական բարդություններից ամենահաճախ հանդիպողը ալերգիկ ռեակցիաներն են ներմուծվող անեսթետիկի նկատմամբ. Սակայն հնարավոր են նաև այլ բարդություններ, այդ պատճառով վիրահատությունը անց է կացվում սրտի աշխատանքի ռիթմի, արյան ճնշման մշտական հսկողության տակ:

Արգանդի խոռոչի լայնացման նպատակով կիրառվող հեղուկը կարող է թափանցել արյան շրջանառություն,ինչի հետևանքով կարող է զարգանալ թոքի այտուց: Ուստի վիրահատության ընթացքում անհրաժեշտ է ուշադիր հետևել ներարկված եւ արտահոսած հեղուկի քանակին:

Բարդությունների ռիսկը նվազեցնելու համար հիստերոսկոպիայից առաջ անհրաժեշտ է կատարել որոշ հետազոտություններ,բացառել վիրահատության հակացուցումները:

Ընդհանուր առմամբ հիստերոսկոպիան համարվում է անվտանգ պրոցեդուրա եւ նրա հարուցած բարդությունները խիստ հազվադեպ են, հատկապես եթե վիրահատությունը կատարում է փորձարու մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել