• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելում. 8 խորհուրդ

18 հոկտեմբերի, 2016  22:32

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի աշխարհում կրծքի քաղցկեղի 800 հազարից մինչեւ 1 մլն նոր դեպք է գրանցվում:

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված մի քանի խորհուրդ են ներկայացրել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարանը:

1. Գինեկոլոգիական որոշ հիվանդություններ մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով բոլոր կանանց՝ անկախ տարիքից, խորհուրդ է տրվում չանտեսել նման հիվանդություններն ու ժամանակին բուժվել:

2. Կրծքի որոշ բարորակ գոյացություններ, ինչպիսիք են պապիլոմաները, ֆիլոիդ ուռուցքները եւ որոշ կիստաները, կարող են ժամանակի ընթացքում քաղցկեղային ուռուցքի վերածվել, այդ պատճառով չի կարելի անտեսել դրանք: Անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

3. Վահանաձեւ գեղձի որոշ հիվանդություններ, ազդելով կնոջ հորմոնալ ֆոնի վրա, նույնպես կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով հարկավոր է հոգ տանել վահանաձեւ գեղձի առողջության մասին՝ անկախ տարիքից:

4. Առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխելուց, չչարաշահել ալկոհոլը, սպորտով զբաղվել, կանոնավոր սեռական կյանք վարել, ժամանակին ծննդաբերել եւ երեխաներին կրծքով կերակրել: Կարեւոր դեր ունի նաեւ առողջ սննդակարգը (հայտնի է, որ լոլիկը, կարմիր խաղողը, սոխը եւ սխտորը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը):

5. Կարծիք կա, որ սթրեսները նույնպես մեծացնում են բազմաթիվ ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի խելամիտ մոտեցում ցուցաբերել սթրեսները կառավարելու հարցում, մտահոգությունները չպահել ներսում, այլ ավելի հաճախ զրուցել մտերիմ մարդկանց հետ:

6. Շատ մասնագետներ կանանց եւ աղջիկներին խորհուրդ են տալիս պարբերաբար ինքնուրույն կրծքի հետազոտություն անցկացնել: Դա անելու ձեւերի մասին կարելի է կարդալ այստեղ. https://med.news.am/arm/news/5019/inchpes-inqnuruyn-stugel-kurtsqy.html

7. Պետք չէ մոռանալ նաեւ քաղցկեղի որոշ տեսակների հանդեպ ժառանգական հակվածության դերի մասին: Եթե կնոջ ազգականները կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի եւ անալիզ հանձնել, որը թույլ կտա բացահայտել քաղցկեղի այս տեսակի առաջացման վտանգի վրա ազդող գենետիկ մուտացիաները:

8. Եվ վերջապես՝ առանց բացառության բոլոր կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի կրծքագեղձի հետազոտություն անցնել, ինչը կօգնի ժամանակին ախտորոշել քաղցկեղն ու նախաքաղցկեղային հիվանդությունները: Մինչեւ 40-45 տարեկան կանանց խորհուրդ է տրվում կրծքի ուլտրաձայնային հետազոտություն անցնել, իսկ ավելի բարձր տարիքի կանանց՝ մամոգրաֆիկ հետազոտություն: Քաղցկեղի այս տեսակի վաղ ախտորոշումը զգալիորեն մեծանում է հաջող բուժման հնարավորությունը, այդ պատճառով ամենեւին պետք չէ վախենալ կանխարգելիչ հետազոտություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է