• Latest news

ՀՏ թե՞ ՄՌՏ. պարզաբանում է մասնագետը

18 հոկտեմբերի, 2016  17:05

Ժամանակակից դիագնոստիկան անհնար է պատկերացնել առանց վիզուալացնող այնպիսի մեթոդների, ինչպիսիք են համակարգչային (ՀՏ) եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): Բայց շատերը չգիտեն, թե ինչով է տարբերվում  ՀՏ-ն ՄՌՏ-ից, եւ երբեմն սխալմամբ կարծում են, թե տարբերությունը միայն գինն է: Այսինքն, եթե ՄՌՏ-ն արժե ավելի թանկ, ուրեմն այն ավելի ինֆորմատիվ է: Բայց իրականում, այդ երկու հետազոտությունների հիմքում ֆիզիկական տարբեր պրոցեսներ են: Ըստ այդմ` դրանցից յուրաքանչյուրն էլ արդյունավետ է որոշակի պաթոլոգիաներ հետազոտելիս:

Այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի մեջ, այնպես ինչպես սովորական ռենտգեն հետազոտության դեպքում, օգտագործվում է ռենտգեն ճառագայթի կլանման հատկությունը` ըստ օրգանիզմի հյուսվածների խտության: Պարզապես ՀՏ-ն բազմաշերտ ռենտգեն է եւ եռաչափ հետազոտության հնարավորություն է տալիս: ՄՌՏ-ի դեպքում օգտագործվում է մագնիսական հզոր դաշտ (միջուկային-մագնիսային ռեզոնանս): Տոմոգրաֆն ուղարկում է էլեկտրամագնիսական ազդակներ, իսկ օրգանիզմում ծագած արդյունքը գրանցվում է սարքի միջոցով եւ մշակվում եռաչափ պատկերի մեջ:

Ո՞ր դեպքերում է կիրառվում ՀՏ-դիագնոստիկա, եւ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ՄՌՏ հետազոտությունը

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Աստղիկ» ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար Նաինա Հակոբյանը, օրինակ, գլխուղեղի եւ ողնուղեղի նուրբ հյուսվածքների ուռուցքներն ավելի լավ է վիզուալացնում ՄՌՏ-ն, սակայն պարզելու համար, թե կա՞ն արդյոք մետաստազներ, հարկավոր է անել ՀՏ: Համակարգչային տոմոգրաֆիան անհրաժեշտ է նաեւ` ոսկրային համակարգը եւ թոքերի ցանկացած պաթոլոգիա հետազոտելու համար:

«Մնացած բոլորն` ըստ պաթոլոգիայի: Օրինակ, գլխուղեղի դեգեներատիվ պաթոլոգիաներ, գլխուղեղի հիվանդություններ. սրանք հետազոտվում են ՄՌՏ-ով: Գլխուղեղի զարկերակի անեվրիզմների դեպքում հարկավոր է անել ՀՏ-անգիոգրաֆիա` հետագա վիրահատությունը պլանավորելու նպատակով: Սիրտը, պսակաձեւ անոթները եւս հետազոտվում են ՀՏ-ի օգնությամբ: Սրտի տարածուն պաթոլոգիաները, միոկարդիտը, կարդիոմիոպաթիաները եւ այլն արդեն պետք է հետազոտել ՄՌՏ-ի օգնությամբ: Փոքր կոնքի օրգանների ուռուցքները հիմնականում հետազոտվում են ՄՌՏ-ի միջոցով, բայց տարածուն պրոցեսներ հայտնաբերելու համար հարկավոր է անել ՀՏ. այն արագ է, էժան եւ ավելի ինֆորմատիվ: Ընդ որում ՀՏ արվում է ներքին կոնտրաստավորմամբ: Մեծ արագությամբ ներմուծվում է կոնտրաստ, այն գունավորում է բոլոր այն օրգանները եւ կառուցվածքները, որոնք մեզ հետաքրորում են, եւ հնարավորություն է տալիս տարբերակել մի շարք հիվանդություններ»,- ասաց բժիշկը:

Առհասարակ, նրա խոսքով, ՀՏ-ն դիագնոստիկ մեթոդ է հետազոտելու բազմաթիվ պաթոլոգիաներ` սկսած գլխից, վերջացրած ստորին վերջույթներով: Այն կարող է լինել ինչպես անհետաձգելի հետազոտություն` պոլիտրավմաներ, դիսեկցիաներ կամ զարկերակի անեվրիզմի պատռվածքներ, այնպես էլ պլանային. ուռուցքային հիվանդությունների դեպքում, երբ արվում է պոլիօրգանային հետազոտություն, որպեսզի ստացվեն մետաստազավորման բոլոր տվյալները քիմիաթերապիային հաջորդած դինամիկ փոփոխությունների մասին` հետագա բուժումը պլանավորելու համար: ՀՏ արվում է նաեւ հետվիրահատական դինամիկ հսկողության նպատակով: «Այսինքն, հետազոտությունը սկսում է սովորական գլխացավից, երբ մենք հետազոտում ենք, որպեսզի բացառենք ուղեղային զարկերակի անեվրիզմը կամ անոթային այլ պաթոլոգիա, եւ վերջանում ամենածանր կոմատոզ վիճակներով»,- նշեց նա:

Սրտավիրաբուժությունը եւ ինվազիվ սրտաբանությունը նույնպես ուղեկցվում են ՀՏ-ով. արվում է սրտի պսակաձեւ անոթների սկրինինգային հետազոտություն` հայտնաբերելու համար ստենոզներ, դիսեկցիաներ եւ շնչերակի այլ հիվանդություններ:

ՀՏ-ն, մասնագետի խոսքով, կիրառվում է նաեւ աղիները հետազոտելիս: Այսօր արվում է ռենտգեն-բացասական կոնտրաստով էնտերոգրաֆիա` աղիների բոլոր շերտերը հետազոտելու համար: Նախկինում, ինչպես պարզաբանեց Նաինա Հակոբյանը, կիրառվում էր կոնտրաստային լուծույթի պերօրալ եւ պերռեկտալ ներմուծում, բայց այն այսպիսի լայն դիագնոստիկ հնարավորություններ չէր ընձեռում:

Նա պատմեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր տեղադրված է տարածաշրջանում միակ երկփողային 256- պարույրաձեւ Siemens (Somatom Definition Flash) ֆիրմայի համակարգչային տոմոգրաֆը, որը թույլ է տալիս շատ արագ սքանավորում անել: Սիրտը սքանավորվում է կես վայրկյանում՝ անկախ հիվանդի շնչառությունից եւ սրտի ռիթմի կրճատումներից: Սքանավորման բարձր արագության դեպքում կրճատվում է նաեւ օգտագործվող կոնտրաստի քանակը, այսինքն` նվազում է հետազոտության նեֆրոտոքսիկությունը. «Մենք կարող ենք հետազոտել արյան մեջ բարձր կրեատինի մակարդակ ունեցող հիվանդներին` օգտագործելով հատուկ քիչ թունավոր կոնտրաստային միջոցներ, եւ քանի որ հիվանդանոցում կա դիալիզի բաժանմունք, միանգամից կարելի է հիվանդին ուղարկել դիալիզի եւ օրգանիզմից հանել կոնտրաստը»- բացատրեց նա:

Նոր սարքավորման մեկ այլ առավելություն է ճառագայթման շատ ցածր չափաբաժինը, նշեց բժիշկը: Երեխաների ՀՏ- հետազոտություն կատարվում է ծննդյան առաջին օրերից՝ պայմանավորված սրտի արատներով, ինչպես նաեւ ներարգանդային եւ ծննդյան վնասվածքների, բնածին արատների դեպքում:

Բոլոր ոչ կոնտրաստային ՀՏ- հետազոտությունները երեխաներին կարելի է անել առանց անզգայազման, կոնտրաստայինը՝ կարճատեւ անզգայացմամբ՝ փորձառու անեսթեզիոլոգի օգնությամբ:

Նոր սքաներին զուգահեռ՝ «Աստղիկ» ԲԿ-ում աշխատում է եւս մեկ բազմապարույր տոմոգրաֆ, որը թույլ է տալիս խուսափել հրատապ հետազոտությունները ձգձգելուց եւ հերթերից:

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել