• Latest news

Ամերիկացի հայտնի վիրաբույժը վիրահատում է դիմային նյարդի կաթվածով հայ երեխաներին (ֆոտո)

21 հոկտեմբերի, 2016  19:54

Ամերիկացի հայտնի պլաստիկ ու վերականգնողական վիրաբույժ Անդրե Փանոսսյանը Երեւանում վիրահատել է դիմային նյարդի կաթվածով հինգ երեխաների։ Դա բնածին կամ ձեռքբերովի վիճակ է, որի պատճառով երեխաները չեն կարողանում նորմալ ժպտալ, բերանի անկյունը սովորաբար ներքեւ է իջնում, դեմքի ախտահարված մասում կոպը նույնպես իջած է լինում ու քիչ է շարժվում, իսկ դեմքը անհամաչափ է դառնում։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անդրե Փանոսսյանը պատմել է, որ կան մի քանի վիրահատություններ, որոնք կարող են օգնել հնարավորինս վերականգնել նման խնդրով երեխաների դեմքի համաչափությունը ու նրանց ժպտալու հնարավորություն տալ։ Ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող բուժակարգերից մեկը առաջարկում է դեմքին պատվաստել մկաններ, որոնք վերցվում են հիվանդի ոտքից։ Նման վիրահատությունից հետո հիվանդը կարողանում է ժպտալ, սակայն արտաքուստ դեմքի երկու մասերը սովորաբար տարբերվում են իրարից, ու էսթետիկ առումով արդյունքը երբեմն անբավարար է լինում։ Բացի դրանից նման վիրահատությունից հետո երկար ժամանակ է պահանջվում հիվանդի վերականգնման համար, առնվազն մեկ շաբաթ նա պետք է հիվանդանոցում անցկացնի, իսկ վիրահատությունից հետո առաջին օրը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Կա նաեւ մեկ այլ վիրահատություն, որի ընթացքում կոնքից վերցված մկանի փոխարեն օգտագործվում է քունքի մկանը՝ դրա նյարդերի ու անոթների հետ միասին։ Արդյունքն ավելի էսթետիկ է, եւ հետո հիվանդը կարողանում է վիրահատությունից ընդամենը մի քանի օր հետո տուն վերադառնալ։

«Արաբկիր» բուժկենտրոնում 3-6 տարեկան հայ երեխաներին վիրահատելիս մասնագետը հենց այդ տեխնիկան է օգտագործել։ Վիրահատությունները, որոնցից յուրաքանչյուրը տեւել է առնվազն 5 ժամ, նրա գնահատականով հաջող են անցել՝ ոչ մի բարդացում չի եղել, երեխաներից մի քանիսն արդեն տուն են վերադարձել, մնացածն էլ շատ շուտով դուրս կգրվեն։ Առայժմ նրանց դեմքերին նկատվում են հետվիրահատական այտուցներ, բայց երբ դրանք իջնեն ու անցնի մի քիչ ժամանակ, երեխաները կսովորեն նոր մկանին ու կկարողանան նորմալ ժպտալ։ Իսկ սպին, որը մնացել է վիրահատությունից հետո, «կթաքնվի» շրթերի շուրջ եղած ծալքում ու ժամանակի ընթացքում աննկատ կդառնա։

Անդրե Փանոսսյանը ու նրա գործընկեր վիրաբույժ Ռոդի Ռեբեյնը Հայաստան են ժամանել՝ վիրաբուժական առաքելության շրջանակում, որը կազմակերպել էր Mending Kids քալիֆորնիական ոչ առեւտրային կազմակերպությունը։ Առաքելության նպատակն է կազմակերպել անվճար վիրահատություններ դրանց կարիքն ունեցող երեխաների համար, նաեւ օգնել մասնագետների ուսուցմանն այն երկրներում, որտեղ ապրում են այդ երեխաները։ Առաջ կազմակերպությունը նման երեխաներին Լոս Անջելես էր տեղափոխում, եթե նրանց երկրներում տվյալ վիրահատությունը նրանց հասանելի չէր լինում, իսկ այսօր այն հավաքում է վիրաբույժների խմբեր ու ուղարկում այն երկրներ, որտեղ կա նրանց կարիքը ու որտեղ նրանք կարող են միանգամից մի քանի վիրահատություն անել։ Ավելին, նման այցերի ընթացքում առաքելության վիրաբույժները տեղի վիրաբույժներին են փոխանցում իրենց գիտելիքներն ու փորձը, որպեսզի հետո նրանք կարողանան ինքնուրույն վիրահատել երեխաներին իրենց երկրներում։

Mending Kids առաքելությունն առաջին անգամ է այցելել Հայաստան, ու վերոնշյալ վիրահատությունների անցկացման համար ընտրվել է «Արաբկիր» բուժկենտրոնը, քանի որ այն արդեն ունի բժշկական առաքելությունների հետ աշխատանքի փորձ, ու այստեղ բոլոր անհրաժեշտ բաները կարելի է կազմակերպել պատշաճ մակարդակով։ Իսկ որպես գործընկեր հանդես է եկել Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիան, որը օգնել է կազմակերպել առաքելությունը։

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Յագջյանը նշեց, որ այս վիրաբուժական առաքելությանը բավականին երկար են նախապատրաստվել՝ վերջին մի տարվա ընթացքում հայ մասնագետները ընտրել են երեխաների, որոնք կարող էին նման վիրահատությունների համար թեկնածու լինել։ Մինչեւ Անդրե Փանոսսյանի ու Ռոդի Ռեբեյնի ժամանելը հիվանդներն արդեն ընտրված էին ու անցել էին բոլոր անհրաժեշտ հետազոտությունները ու վիրաբույժներին մնում էր միայն ընտրել այդ երեխաներից նրանց, ում նրանք հարմար թեկնածու են համարում վիրահատության համար։ Ինը ներկայացված երեխաներից նրանք հինգին են ընտրել, որոնց էլ հենց վիրահատել են։

Առաքելության նախապատրաստումով ու բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում էին հիմնականում Հայաստանի երիտասարդ բժիշկները, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները հետեւում էին ամեն ինչին ու անհրաժեշտության դեպքում օգնում։

Կազմակերպիչների խոսքով նախապատրաստումը առավելագույնս թափանցիկ ու բաց է եղել՝ վիրաբույժների ժամանելու մասին տեղեկությունը բոլորին հասանելի է եղել, անցած տարի կազմակերպված դասախոսությունների ու գիտաժողովների ընթացքում մասնագետներին նախազգուշացրել էին այդ այցի մասին ու խնդրել ներկայացնել հարմար հիվանդների, եթե այդպիսիք կան։

Վիրաբուժական առաքելությունների մեծ մասի ընթացքում մասնագետները, ժամանելով Հայաստան, սովորաբար միագամից շատ՝ մի քանի տասնյակ վիրահատություն են անում։ Բայց քանի որ ժպիտի ռեկոնստրուկցիան, ինչպես մասնագետներն են արտահայտվում, շատ էլեգանտ ու բարդ վիրահատություն է, այն անհնար է անել հապշտապ, յուրաքանչյուր վիրահատություն տեւում է առնվազն 5 ժամ ու պահանջում լուրջ ջանքեր ո կենտրոնացում։

Քանի որ առաքելության նպատակն է ոչ միայն վիրահատություններ կատարել, այլեւ սովորեցնել տեղի մասնագետներին, վիրահատություններին ներկա էին ու նաեւ մասնակցում էին հայ բժիշկներն ու օրդինատորները։ Առաքելության վիրաբույժների վերահսկողությամբ նրանք ինքնուրույն են անցկացրել վիրահատությունների որոշ մասերը, որպեսզի ավելի լավ հասկանան տեխնիկան, իսկ ապագայում նաեւ գործածեն այն իրենց պրակտիկայում։

Խոսելով հայաստանցի բժիշկների վերաբերյալ իրենց տպավորությունների մասին, Անդրե Փանոսսյանը նշեց, որ իրեն դուր է եկել այստեղի մասնագետների մակարդակն ու հմտությունները ու հիվանդների հետվիրահատական խնամքի կազմակերպումը։

Անդրե Փանոսսյանը նաեւ նշել է, որ հույս ունի, որ դա իր միակ այցը չէ Հայաստան՝ նա կցանկանար ամեն տարի գալ Հայաստան, շփվել հայ գործընկերների հետ ու նրանց հետ փորձի փոխանակություն անել։ Ավելին, անհրաժեշտության դեպքում հայ մասնագտեներն ու հիվանդները կկարողանան նրա հետ նաեւ օնլայն խորհրդակցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է