• Latest news

The Guardian. Սելեկտիվ աբորտներն արգելող ՀՀ օրենքը «կյանքեր է վտանգի ենթարկում»

22 հոկտեմբերի, 2016  19:10

Վերջերս Հայաստանում ընդունված օրենքը, որով արգելվում են սելեկտիվ աբորտները, համարժեք չէ, խախտում է կանանց իրավունքները եւ կյանքեր է վտանգի ենթարկում: Այս մասին նշված է The Guardian-ում հրապարակված հոդվածում՝ վկայակոչելով իրավապաշտպանների եւ ակտիվիստների կարծիքները:

Պարբերականը հիշեցնում է, որ ըստ սելեկտիվ աբորտների քանակի՝  Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում սկսեց աճել այդպիսի աբորտների թիվը, որի հետեւանքով երկրում 100 աղջկա դիմաց 115 տղա էր ծնվում (ըստ 2015 թվականի տվյալների), մինչդեռ ծնվող երեխաների սեռերի նորմալ հարաբերակցությունը 102-106 տղա է 100 աղջկա դիմաց: 1991 թվականին Հայաստանում 100 աղջկա դիմաց 105 տղա է ծնվել:

Այս տարվա օգոստոսին Հայաստանում սելեկտիվ աբորտներն ապօրինի են ճանաչվել՝ ի պատասխան միջազգային հանրության եւ ՄԱԿ-ի Ազգաբնակչության հինադրամի (United Nations Population Fund, Unfpa) ճնշումների, որոնք նախազգուշացնում էին երկրին սպառնացող ժողովրդագրական ճգնաժամի մասին այն պատճառով, որ մեծ թվով աղջիկներ չեն ծնվում իրենց սեռի պատճառով, իսկ տղաներն ավելի ու ավելի են շատանում:

Նոր օրենքի համաձայն՝ աբորտի ցանկություն ունեցող կինը պետք է խորհրդակցի իր բժշկի հետ, որպեսզի նա իրեն բացատրի աբորտի վտանգավորության մասին: Իսկ աբորտին նա պետք է սպասի 3 օր:

Սակայն կանանց իրավունքների համար պայքարողները պնդում են, որ կանայք հիվանդանոցային պայմաններում անվտանգ աբորտի փոխարեն, կդիմեն տնային պայմաններում վտանգավոր աբորտների:

The Guardian-ը հայտնում է, որ Կանանց աջակցության կենտրոնի ակտիվիստ Անի Ջիլոզյանը պնդում է, որ նոր օրենքը սպեղանի չէ, այլ լեյկոպլաստիր. այն «չի բուժում» խնդիրը, չի վերացնում պատճառները, որոնք, նրա կարծիքով, թաքնված են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների եւ նահապետական արժեքների մեջ:

«Հայկական ավանդական ընտանիքներում կինը տեղափոխվում է ամուսնու ընտանիքի տուն, իսկ ծնողներին խնամում է ավագ որդին»,- նշել է Ջիլոզյանը՝ հավելելով, որ այն երկրում, որտեղ մարդիկ իրենց սոցիալապես ապահովված չեն զգում, այդպիսի ավանդույթների հետեւանքով տղաներն ավելի ցանկալի երեխա են համարվում, քան աղջիկները։

ԽՍՀՄ-ի ժառանգությունը

Հայաստանում աբորտը պաշտոնապես թույլատրվում է արդեն գրեթե 100 տարի: Իսկ քանի որ մարդիկ չեն վստահում ընտանիքի պլանավորման կոնտրացեպցիոն մեթոդներին՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցներին, աբորտը մնում է ընտանիքի պլանավորման հիմնական մեթոդներից մեկը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում ծնելիությունը նվազել է, եւ ներկայումս մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,5 երեխա, չնայած UNFPA-ի տվյալներով՝ 1980-ական թվականներին 2,5 երեխա էր բաժին ընկնում: Այսօր, եթե ընտանիքը պլանավորում է 1 կամ 2 երեխա ունենալ, պարտադիր ցանկանում է, որ նրանցից առնվազն մեկը տղա լինի: Իսկ սոնոգրական հետազոտությամբ պտղի սեռը որոշելու  հնարավորությունը ապագա ծնողներին թույլ է տալիս «ընտրություն» կատարել:

Հայաստանի Կանանց ռեսուրսային կենտրոնի (WRCA) անդամները, որոնք աշխատում են Գեղարքունիքի մարզում եւ պայքարում են գենդերային բռնության դեմ (սելեկտիվ աբորտները նման բռնության մաս են համարվում), հայտնել են, որ իրենց հետ զրույցներում կանայք խոստովանել են, որ ընտանիքի անդամներն իրենց վրա մեծ ճնշում են գործադրում՝ պահանջելով, որ տղաներ ծնեն:

Մի կին պատմել է, որ աղջիկ ունենալուց հետո ստիպված է եղել 4 աբորտ կատարել, որպեսզի երկրորդ երեխան տղա լինի: Մեկ այլ կին պատմել է, որ 150 հազար դրամ է վճարել (Հայաստանում ամսական միջին աշխատավարձի չափով) ապօրինի աբորտ կատարելու համար: Գործող օրենքի համաձայն՝ աբորտները թույլատրված են մինչեւ 12 շաբաթական հղիության ժամանակ, որից հետո աբորտ կարելի է անել միայն բժշկական կամ «սոցիալական» ցուցումների դեպքում (օրինակ՝ եթե կինը բռնաբարվել է կամ միայնակ մայր է):

Եվս մի քանի կանայք պատմել են, որ որոշ բժիշկներ իրենց հարցրել են՝ ցանկանո՞ւմ են արդյոք ազատվել իգական սեռի պտղից, եւ առաջարկել են լրավճարով իրենց տանը աբորտ կատարել:

Ջիլոզյանը համոզված չէ, որ սելեկտիվ աբորտների դեմ օրենքը, ինչպիսին էլ այն լինի, կարող է օգնել այնպիսի կանանց, որոնց հետ WRCA-ի աշխատակիցները զրուցել են: Նրա կարծիքով՝ մինչեւ երկրում չփոխվեն նահապետական կարգերը, կանայք կշարունակեն սելեկտիվ աբորտներ կատարել, դրանից զատ՝ վտանգավոր աբորտների թիվը կաճի՝ սպառնալիքի տակ դնելով կանանց կյանքն ու առողջությունը:

Իրավապաշտպան Գաբրիել Արմաս-Կարդոնան, իր հերթին, նշել է, որ աբորտից առաջ 3 օր սպասելու պահանջը հակասում է առողջապահական ծառայությանը հասանելիություն ունենալու մարդու  իրավունքին:

Իսկ Լարա Ահարոնյանը, որը WRCA-ի հիմնադիրներից մեկն է, նշել է, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառը սեռերի նախնական անհավասարությունն է: Եթե որեւէ մեկն իսկապես ցանկանում է սելեկտիվ աբորտներն արմատախիլ անել, պետք է լուծի նախնական պատճառը, այնպես անի, որ տղաներն ու աղջիկները միատեսակ հասունանան, անհրաժեշտ է պայքարել գենդերային կարծրատիպերի դեմ եւ հասնել տղամարդկանց եւ կանանց հավասարության:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել