• Latest news

Կարելի՞ է նիհարել գազավորված ըմպելիքների դիետայով

11 նոյեմբերի, 2016  20:23

Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում նիհարել  կամ իրենց մարսողությունը կարգավորել գազավորված ըմպելիքներ օգտագործելով: Նրանց թվում է, թե այս ըմպելիքներն օգնում են սնունդի յուրացմանը եւ օրգանիզմում ճարպերի քայքայմանը: Այս հարցերի շուրջ է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ NEWS.am Medicine-ի զրույցը:

Ո՛չ, չեն կարող, համոզված է մասնագետը: Հազիվ թե հնարավոր լինի նիհարել մեծ քանակով գազավորված ըմպելիքներ օգտագործելով, բայց ահա, հեշտությամբ հնարավոր է առողջությունը փչացնել եւ շաքարախտ ձեռք բերել:

«Գազավորված դասական ըմպելիքներում այնքան շատ շաքար կա, որ ուղղակի ծիծաղելի է այն մասին խոսելը, թե դրանք կարող են նիհարելուն օգնել: Չմոռանանք, որ շաքարը հենց այն նյութն է, որի պատճառով գիրանում ենք: Մենք գիրանում ենք ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի՝ շաքարի պատճառով»,- նշեց մասնագետը:

Այսպես կոչված, գազավորված դիետիկ ըմպելիքները, որոնք շաքար քիչ են պարունակում, նույնպես չեն օգնի նիհարել, չնայած ավելի քիչ կալորիաներ են պարունակում, քան սովորական կոլայում: Բանն այն է, որ երբ մարդը խմում է շաքար պարունակող քաղցր ըմպելիք, բերանի խոռոչի ռեցեպտորները ուղեղ ազդակ են ուղարկում, որ այն շուտով մեծ քանակով գլյուկոզա կստանա: Շուտով ուղեղն իսկապես ստանում է խոստացված գլյուկոզան եւ յուրատեսակ բավարարվածություն է զգում: Իսկ երբ մարդը խմում է շաքարի փոխարինիչներ պարունակող ըմպելիքներ, ուղեղը նախկինի պես ազդակ է ստանում, որ շուտով գլյուկոզա կստանա, սակայն այն չի ստանում: Ուղեղը զարմացած է, քանի որ ցանկանում է խոստացած քաղցրը ստանալ: Եվ այդ ժամանակ մարդը քաղցր ուտելու անհաղթահարելի ցանկություն է ունենում: Կրկնակի վնաս է ստացվում՝ մարդը խմել է առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող քիմիական նյութեր պարունակող (այսօր ավելի ու ավելի մեծ թվով հետազոտություններ են հաստատում ասպարտամի եւ շաքարի այլ փոխարինիչների վտանգավորությունը) ըմպելիք, իսկ հետո այլ քաղցրեղեն է կերել:

Այսպիսով, ո՛չ սովորական գազավորված, ո՛չ դիետիկ ըմպելիքները իրականում չեն օգնում նիհարելուն: Այդ ըմպելիքները չեն կարող ոչ մի կերպ լավացնել նաեւ մարսողությունը: Մասնագետը հիշեցրեց, որ այդ ըմպելիքներով կարելի է մաքրել մետաղական եւ կերամիկական մակերեւույթի ժանգը եւ յուղը, բայց մեր ստամոքսը մետաղից չէ եւ ներսից ժանգով կամ յուղով պատված չէ:

Եթե մարդը ցանկանում է կարգավորել իր մարսողությունը եւ նիհարել, խորհուրդ է տրվում հրաժարվել գազավորված ցանկացած քաղցր ըմպելիքից եւ շատ շաքար  (կամ շաքարի փոխարինիչներ) պարունակող այլ մթերքներից եւ արագ յուրացվող ածխաջրերից: Այս բոլոր մթերքները խորհուրդ է տրվում փոխարինել թարմ բանջարեղենով, մրգերով, հատիկային մթերքներով, մսով եւ ձկնեղենով: Եվ իհարկե չպետք է մոռանալ համապատասխան ֆիզիկական ակտիվության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել