• Latest news

Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում. Ռոշալը Երեւանում է

6 դեկտեմբերի, 2016  15:11

Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այս մասին ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպման ժամանակ նշել է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:

«Այստեղ լինում եմ եւ ուրախ, եւ տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր եւ ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ», - այս խոսքերով սկսեց ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:

Աշխարհի մանկական բժիշկը մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին եւ առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրեց աշխարհի տարբեր անկյուններում իր եւ իր թիմի կատարած հսկայական աշխատանքը: Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել եւ վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն ընձեռեցին ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:

«Լեոնիդ Ռոշալի կերպարը ասոցացվում է հումանիզմի, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային արժեքների հետ: Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան, միշտ հայտնվում է դժբախտության մեջ հայտնված այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: Նա ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային պարտք է կատարում»- իր ելույթում նշեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ Լեոնիդ Ռոշալին է շնորհվելու բուհի պատվավոր դոկտորի կոչում: Շուրջ երկու ժամ տեւողությամբ դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բոլոր այն ողբերգական իրադարձություններին, որոնց կիզակետում հայտնվել են երեխաները:

Հմուտ մանկաբույժի գնահատմամբ` աղետի գոտիներում հանապատասխան բժշկական խմբի կողմից անհրաժեշտ մասնագիտական բուժօգնության տրամադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել հաշմանդամությունը, հետագա բարդությունները եւ մահացության ցուցանիշները: Աֆղանստան, ԱՄՆ, Բեսլան, Հայաստան, Բեռլին, Հնդկաստան, Ալժիր. բժշկի՝ օգնության ձեռք մեկնած գոտիների աշխարհագրությունը լայն է:

Անգնահատելի է Ռոշալի բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած հսկայական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին հատկապես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության եւ երջանիկ մանկություն վերադարձնելու գործում:

«Մենք որդեգրել ենք անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելիությանից աշխարհի բոլոր անկյուններում երեխաներին օգնելու կարգախոս, չէ՞ որ գուցե մի օր այդ երեխան մեծանա եւ փրկի աշխարհը», - ընդգծեց Լեոնիդ Ռոշալը:

Մանկաբույժը խոսեց նաեւ Կասպիսկում, Դուբրովկայում եւ Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Անվանի մանկաբույժը տարիներ անց առ այսօր վարժ հիշում է ծանր վիրավորում ստացած բոլոր տուժածների թիվը, անգամ լուսանկարների փոքրիկներին հիշում է անուն առ անուն: 

Աշխարհի մանկական բժիշկը իր հարուստ կենսագրության մեջ անգամ ունեցել է նաեւ ահաբեկիչների հետ բանակցելու փորձ: Դասախոսության ընթացքում նա կարեւորեց միասնականությունը, որի շնորհիվ հատկապես դժվարին իրավիճակներում հնարավոր է շատ խնդիրներ լուծել:

Միջոցառումը եզրափակվեց Լեոնիդ Ռոշալին ուղղված հարցերով: Ուսանողներից մեկի այն հարցին՝ թե ինչն է պակասում աշխարհին խաղաղության համար, աշխարհահռչակ բժշկի պատասխանը մեկն էր՝ բարությունը:

Ավելի քան 500 ներկաներին նա մաղթեց բարգավաճում, բավարարվածության զգացում կատարված աշխատանքից, առողջություն, երջանկություն, իսկ բժշկական բուհին՝ նախկինում գործող մանկաբուժական ֆակուլտետի վերաբացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել