• Latest news

«Նաիրի» ԲԿ-ն առաջինը Հայաստանում ներդրել է Tumor Board-ի պրակտիկա

7 դեկտեմբերի, 2016  19:48

«Նաիրի» բժշկական կետրոնում սովորական է դարձել ամեն շաբաթ, այսպես կոչված, Tumor Board-ի՝ բժիշկների բազմապրոֆիլ խորհրդի անցկացումը: Օնկոգինեկոլոգիայի մասնագետների խումբն ամեն շաբաթ օնլայն կոնսիլիում է անցկացնում, որին ակտիվորեն մասնակցում են կլինիկայի բժիշկները՝ քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը, օնկովիրաբույժներ կամ օնկոգինեկոլոգներ Արտեմ Ստեփանյանը, Ժիրայր Մալաքյանը, օնկոորթոպեդ Գալուստ Գալուստյանը, քիչ ինվազիվ վիրաբույժ Արամայիս Գալումյանը, ռադիոլոգներ Արմեն Վասիլյանը, Կոստան Գալումյանը: Նրանց օգնում են այլ կլինիկաների մասնագետներ, մասնավորապես՝ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ներսես Քարամյանը:

Քաղցկեղը ավելի քան 200 զանազան հիվանդությունների ընդհանուր անվանումն է, որոնցից յուրաքանչյուրը կարող է տարբեր կերպ դրսեւորվել եւ ընթանալ, այնպես որ՝ նույնիսկ միեւնույն տեսակի ուռուցքի դեպքում կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ: Այս ամենը հասկանալու, հիվանդության ընթացքը եւ բուժումը հանգիստ եւ բազմակողմանիորեն քննարկելու համար անհրաժեշտ են կլինիկական կից ուղղությունների բժիշկների հանդիպումներ:

Tumor Board-ը կլինիկական կից ուղղությունների բժիշկների կանոնավոր հանդիպումներ են, որոնց ընթացքում քննարկվում է ծանր վիճակում գտնվող օնկոհիվանդների բուժման ռազմավարությունը: Չնայած հիվանդին վարում է մեկ բուժող ուռուցքաբան, հիվանդի բուժման պլանը իրականում մասնագետների բազմապրոֆիլ կոլեկտիվի աշխատանքի արդյունք է:

Tumor Board-ի նիստերին բժիշկներ են հրավիրվում, որոնք մասնագիտացած են ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման, էնդոսկոպիկ վիրաբուժության, օնկոլոգիայի, ճառագայթային թերապիայի, պաթոլոմորֆոլոգիայի եւ այլ ոլորտներում, կախված այն հանգամանքից, թե ինչ խնդիր է ընդհանուր քննարկման դրված: Այս կոնֆերանսները միավորում են մեծ թվով բժիշկների փորձն ու յուրահատուկ տեսակետները, ինչն օգնում է ոչ միայն մեծացնել օնկոհիվանդների բժշկական օգնության որակը, այլեւ բժիշկների համար յուրատեսակ ուսուցողական միջոցառում է:

Կոնֆերանսի մասնակիցները հաղորդակցության ժամանակակից միջոցների միջոցով (սկայպ եւ այլն) ճառագայթային ախտորոշման մասնագետ Արամյանի հետ միասին հնարավորություն ունեն գնահատելու օնկոլոգիական պրոցեսի տարածվածության աստիճանը, դրանք համադրելու կլինիկական դրսեւորումների հետ, հստակեցնելու իրենց հետաքրքրող մանրամասները: Ռենտգեն, ուլտրաձայնային եւ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունները կողմերն ակտիվորեն մեկնաբանում են:

Քննարկման ընթացքում դիտարկվում են գինեկոլոգիայի ասպարեզում տարբեր օնկոպաթոլոգիաներով կանանց հիվանդությունների պատմությունները: Բարձրացվում է կոնկրետ հիվանդի նկատմամբ ճիշտ մարտավարության ընտրության հարցը. կարեւոր է այդպիսի հիվանդների վարման սկզբունքների (պահպանողական բուժում, վիրաբուժական լուծում, ճառագայթային կամ քիմիաթերապիա) վերաբերյալ տարբեր մասնագիտությունների բժիշկների կարծիքը լսելը: Արդյունքում՝ յուրաքանչյուր հիվանդի համար հատուկ մոտեցում է ընտրվում՝ հաշվի առնելով օրգանիզմի յուրահատկությունները, տարիքը, հիվանդության տարածվածության աստիճանը: Հատուկ ուշադրություն է դարձվում հոգեբանական մոտեցմանը՝ օնկոհիվանդությունների դեպքում բուժման հիմնական մեթոդին:

«Եթե ուշադրություն եք դարձրել, ապա մեր կոնֆերանսի դահլիճում սեղանը կլոր է: Եվ սեղանի գլխին դրված բազկաթոռին ոչ ոք չի նստում: Դրանով ցանկանում ենք նշել, որ բոլորս տվյալ խորհրդի հավասար անդամներ ենք, եւ հավակնությունները մի կողմ ենք դնում, երբ խոսքը հիվանդի կյանքի փրկության մասին է»,- միաբերան նշեցին Tumor Board -ի մասնակիցները:

Այսօր Հայաստանը առողջապահության ոլորտում կանգնած է հեռուստաբժշկության զարգացման եւ ակտիվ ներդրման ճանապարհին, իսկ «Նաիրի» ԲԿ-ի տեխնիկական հագեցվածության մակարդակը, ռադիոլոգիայի, օնկոլոգիայի, քիմիաթերապիայի եւ վիրաբուժության  ոլորտում բժիշկների պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս վստահաբար ասել, որ այս սարսափելի հիվանդության հետ բախված հիվանդը, արդեն «հեռու»՝ արտասահմանյան կլինիկաների ուղղությամբ չի նայում, այլ վստահաբար դիմում է հայրենական մասնագետներին, որոնց փորձը ոչ մի բանով չի զիջում նշված բուժհաստատություններին:

https://www.erebunimed.com/rus/news.more/214

https://www.facebook.com/NairiMedicalCenter/videos/1169057513177486/

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել