• Latest news

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը կօգնի հավասար պայմաններ ստեղծել աղջիկների եւ տղաների համար

9 դեկտեմբերի, 2016  17:25

Հայաստանում այսօր մեկնարկած «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակը ոչ միայն երկրում սելեկտիվ աբորտների թվի կրճատումն է, այլեւ աղջիկների եւ տղաների համար հավասար պայմանների եւ հասարակության մեջ նրանց նկատմամբ միանման վերաբերմունքի ստեղծումը: Նոր ծրագիրը ներկայացնելիս այս մասին ասաց «Վորլդ Վիժն»-ի հայկական գրասենյակի ղեկավար Ժիրայր Էդիլյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ միան այն, որ ընտանեկան զույգերը սկսեն հասկանալ, որ հղիությունը չարժե ընդհատել միայն պտղի իգական սեռի պատճառով, նաեւ այն, թե ինչ պայմաններում է հասակ առնելու եւ ինչպես է դաստիարակվելու, այնուամենայնիվ, լույս աշխարհ եկած աղջիկը:

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ղեկավար Սեւան Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ ծրագիրը մի քանի բաղադրամաս ունի, որոնցից հիմնականը երիտասարդ հայրիկ-մայրիկների խմբերի հետ աշխատանքն է, որոնք դեռ նոր պետք է ծնող դառնան: Մասնագետի խոսքով՝ այդպիսի պարապմունքները դրական են ազդում ներընտանեկան հարաբերությունների վրա: Օրինակ՝ պարապմունքներից հետո տղամարդիկ խոստովանել են, որ մի շարք հարցերի հանդեպ իրենց վերաբերմունքն արմատականորեն փոխվել է՝ նրանք սկսել են հասկանալ, թե որքան կարեւոր է իրենց երեխաներին շատ ժամանակ հատկացնելը, նրանց մասին ավելի շատ իմանալը, իսկ բոլոր կարեւոր հարցերը եւ որոշումները կողակիցների հետ քննարկելը:

Սեւան Պետրոսյանը նաեւ նշեց, որ այս ծրագրի շահառուներ պետք է համարել նաեւ այն փոքրիկ աղջիկներին, որոնք արդեն լույս աշխարհ են եկել, եւ որոնք մի քանի տարեկան են: Եթե այդպիսի աղջիկները մեծանան այնպիսի ընտանիքներում, որտեղ շատ են ուզում տղա ունենալ, նրանք հավանաբար ստիպված կլինեն լսել աբորտների մասին, եւ որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է տղա ունենալ: Նման շրջապատում ապրելով, նման խոսակցություններ լսելով՝ աղջիկները սկսում են մտածել, որ իրենց սեռն «ամենահամապատասխանը» չէ, եւ որ տղաներն ավելի լավն են: Այս ամենը կարող է անջնջելի հետք թողնել այս աղջիկների ամբողջ հետագա ճակատագրի վրա: Իսկ եթե աղջիկներն ու տղաները ընտանիքում միանման ցանկալի լինեն եւ ստանան միանման դաստիարակություն, եթե նրանք գիտակցեն իրենց հավասարությունը, նրանք ապագայում լավ կրթություն ստանալու, կյանքում իրենց տեղը գտնելու ավելի շատ հնարավորություններ կունենան:

4 տարվա համար նախատեսված ծրագիրը Հայաստանի կառավարության, Հայ առաքելական եկեղեցու եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ կանցկացվի Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերում, նաեւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում: Աշխատանքներին կներգրավվեն նաեւ ծրագրի ընդգրկած շրջաններում ապրող եւ աշխատող ուսուցիչներ, բուժաշխատողներ, սոցիալական ծառայողներ եւ շատ այլ մասնագետներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է