• Latest news

Հոլանդացի առիթմոլոգը «Էրեբունի» ԲԿ-ում․ «Ես զարմացա, տեսնելով այստեղ շատ լավ սարքավորումներ ու հնարավորություններ»

9 դեկտեմբերի, 2016  20:29

Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոնում վիրահատություններ է անցկացնում նշանավոր հոլանդացի էլեկտրաֆիզիոլոգ Տամաս Սիլի- Տորոկը։ Մասնագետը, որը Ռոթերդամում ղեկավարում է «Էրազմուս» բուժկենտրոնի սրտային էլեկտրաֆիզիոլոգիայի ծառայությունը, առաջին անգամ է այցելում Հայաստան ու տպավորված է նրանով, որ առիթմոլոգիան՝ ոչ այնքան վաղուց հիմնված բժշկական ուղղությունը, այստեղ արդեն բավականին լավ է ներկայացված։

«Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիայի կենտրոնի բժիշկ Միհրան Մարտիրոսյանը լրագրողներին պատմել է, որ ինքն արդեն մեկ տարի է համատեղությամբ աշխատում է նաեւ «Էրազմուս» կլինիկայում՝ Տամաս Սիլի-Տորոկի ղեկավարությամբ։ Քանի որ «Էրեբունի» ԲԿ-ում մտադիր են այսուհետ էլ զարգացնել առիթմոլոգիան, կլինիկայի ղեկավարությունը որոշել է Տորոկին հրավիրել փորձի փոխանակության ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկման համար՝ «Էրեբունի» ԲԿ-ում տվյալ բժշկական ուղղությունը խորացնելու նպատակով։

Տամաս Սիլի- Տորոկը լրագրողներին պատմել է, որ շատ երկրներ է այցելել, այդ թվում Արեւելքում, բայց «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիայի բաժանմունքն իր տեսած լավագույն բաժանմունքներից է։ «Ես զարմացա՝ տեսնելով այստեղ լավ սարքավորումներ ու հնարավորություններ»,- ասել է նա։

Բժշկի խոսքով, երեկ իրենք զննել են մի քանի հիվանդների, ոմանց հետո արվել է ռադիոհաճախային աբլյացիա ։ «Այդ մարդիկ առանց բուժման կարող էին մահանալ՝ ոչ բոլորը, բայց նրանցից մի քանիսը։ Օրինակ այն հիվանդներից մեկը, որոնց մեկ երեկ էինք բուժում»,- պատմել է նա։

Սիլի -Տորոկի խոսքով, պետք են նոր ներդրումներ այս ոլորտում, նոր սարքավորումներ, որը անհրաժեշտ է առիթմիայի բարդ դեպքերի բուժման համար։ Մասնավորապես անհրաժեշտ է քարտեզագրման համակարգ, որից Միհրան Մարտիրոսյանը սովորել է օգտվել «Էրազմուս» կլինիկայում։

Միհրան Մարտիրոսյանը պարզաբանեց, որ խոսքը սրտի քարտեզագրման եռաչափ համակարգի մասին է, որը Հայաստանում դեռ չկա, բայց ծրագրվում է ներդնել «Էրեբունի» ԲԿ-ում։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս շատ ճշգրիտ որոշել սրտում առիթմիայի օջախները, ինչը շատ կարեւոր է նախասրտերի շողացող առիթմիայի ժամանակ, նաեւ փորոքային տախիկարդիայի ժամանակ, որը մահացու վտանգավոր է։ Միհրան Մարտիրոսյանը նաեւ հույս ունի, որ Հայաստանում կներդրվեն ռոբոտ–ասիստացված վիրահատություններ։

«Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական եւ սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Հայրապետյանը լրագրողներին պատմել է, որ Հայաստանում առիթմոլոգիայի կենտրոններ գործում են մի քանի կլինիկաներում, ու դա բժշկության այն ոլորտներից է, որի համար շատ հրատապ է տեխնիկայի նոր ձեռքբերումների արագ ներդրումը։ «Իհարկե մենք անում ենք վիրահատություններ, բայց մենք պետք է զարգացնենք ու կատարելագործենք մեր ունակությունները ու բարձրացնենք մեր նշաձողը։ Պրոֆեսորի այցն ու մեր հետագա համագործակցությունը այդ նպատակն են հետապնդում՝ ներդնել ավելի ժամանակակից տեխնիկական միջոցներ։ Կան առիթմիայի կյանքին սպառնացող տեսակներ, որոնց բուժման համար թանկարժեք տեխնիկա է պետք, որը լուրջ ներդրումներ է պահանջում»,- պատմել է նա։

Համլետ Հայրապետյանի խոսքով, առիթմիայի ամենատարածված տեսակը նախասրտի շողացող առիթմիան է։ Ըստ վիճակագրության՝ դրանով տառապում է Երկրի բնակչության 2 տոկոսը։ Կա առիթմիայի նաեւ մահացու վտանգավոր տեսակ՝ սփորոքային առիթմիան, որը լինում է սրտի ախտահարումներով մարդկանց՝ մասնավորապես կաթված տարածների մոտ։ Առիթմիան կարող է կայծակնային մահի հանգեցնել, դրա համար էլ առիթմիայի բուժման ոչ ինվազիվ մեթոդների ներդրումը այսօրվա լրջագույն առողջապահական խնդիրներից է։

Նախասրտի շողացող առիթմիայի բուժման ամենատարածված քիչ ինվազիվ մեթոդներից մեկն է ռադիոհաճախային աբլյացիան։ Այս բուժակարգի ժամանակ սրտանոթի միջով ԿՏ- անգիոգրաֆիայի հսկողությամբ մտցվում են կաթետերներ, որոշվում են օջախները, որոնց պատճառով խանգարվել է սրտի ռիթմը, ու այդ օջախները այրվում են։

Մտնելով վիրահատարան, ու տեսնելով սրտանոթների ստենտավորման վիրահատություններից ծանոթ տեսարան՝ մոնիտորներ, ԿՏ - անգիոգրաֆ, կաթետերներ՝ լրագրողները հարցնում են. «Սա ստենտավորման նման մի բա՞ն է»։ Այստեղ ներկա ինվազիվ սրտաբանները կատակում են․«Ոչ, նրանք էլեկտրիկներ են, իսկ մենք՝ վոդոպրովոդչիկ»։

Երկու օրում Միհրան Մարտիրոսյանն ու Տամաս Սիլի- Տորոկը վեց ռադիոհաճախային աբլյացիաներ են արել ու կարդիովերտեր- դեֆիբիլյատորի մեկ իմպլանտացիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է