• Latest news

Հակաբակտերիալ ծածկույթով ատամի իմպլանտներն ինքնուրուն կսերտաճեն ոսկրին

28 դեկտեմբերի, 2016  10:45

University of the Basque Country-ի (Իսպանիա) գիտնականները զբաղված են իմպլանտների համար նոր ծածկույթների մշակմամբ, որոնք կպայքարեն բակտերիալ ինֆեկցիաների դեմ (որոնք կարող են իմպլանտների անջատման հանգեցնել) եւ դրանով իսկ նպաստել իմպլանտների շուրջ ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը: Ներկայումս նրանք ստեղծել են երեք նոր ծածկույթ, որոնցից մեկը արտոնագիր ստանալու փուլում է:

Գիտական խմբի ղեկավար Բեաթրիս Փալլան ասել է, որ 10 տոկոս դեպքերում ստիպված են լինում ատամի պրոթեզները հեռացնել ինֆեկցիաների կամ օստեոինտեգրման պրոցեսում խանգարումների պատճառով: Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր նոր ծածկույթ մշակել, որը կնպաստեր ծնոտին իմպլանտի սերտաճմանը, նաեւ օժտված կլիներ հակաբակտերիալ հատկություններով՝ հաշվի առնելով, որ բակտերիաները ծածկույթների նկատմամբ աստիճանաբար կայունություն են ձեռք բերում:

Նախկինում գիտնականներն արդեն այդպիսի ծածկույթներ ստեղծել են, որոնք օգնել են իմպլանտի կողքի ոսկրերին աճել եւ պրոթեզն ամրացնել, հաջորդ քայլով դրանք պետք է անհրաժեշտ հատկություններով օժտեին, որոնց շնորհիվ կկարողանային պայքարել ինֆեկցիաների դեմ:

Խնդիրը լուծելու համար գիտնականներն օգտագործել են զոլ-գել սինթեզի մեթոդը, որի դեպքում նախ կոլոիդային հեղուկ է առաջանում, որի մեջ առկա են հիդրօքսիդների (զոլ) մասնիկներ, հետո այդ լուծույթը գելի են վերածում: Այս գործընթացում պրեկուրսորը կրեմնիումն է, որը հայտնի է իր օստեոինդուկցիոնությամբ (իր շուրջը ոսկրի աճ առաջացնելու հատկություն): Վերջին փուլում մասնագետները գելին տարբեր հակաբակտերիալ ագենտներ են ավելացրել՝ արդյունքում ստանալով երեք տարբեր ծածկույթ: Դրանցից մեկը ինֆեկցիաների կանխարգելման համար է, այսինքն՝ այնպիսի նյութից է ստեղծվել, որը տարրալուծվում է երկար ժամանակի ընթացքում՝ հակաբակտերիալ նյութն աստիճանաբար ազատելով: Մեկ այլ ծածկույթ, արդեն առաջացած ինֆեկցիայի բուժման նպատակով, ստեղծվել է արագ քայքայվող նյութից: Վերջին ծածկույթը, որի համար գիտնականները հիմա արտոնագիր են ստանալու, նախատեսված է ատամնաբուժական կլինիկայում կիրառելու համար՝ դրանով ծածկում են իմպլանտի մի մասը, որտեղ ինֆեկցիա է նկատվել, սակայն այդ դեպքում իմպլանտը հանելու անհրաժեշտություն չկա:

Նոր իմպլանտները դեռեւս պատրաստ չեն կլինիկական պրակտիկայում օգտագործելուն, նույնիսկ դրանց կլինիկական փորձարկումները չեն սկսվել, եւ դժվար է ասել, թե շուկայում երբ կհայտնվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է